Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ, շնորհակալություն հայտնել ռուս գեներալի վրա կրակելու մեջ կասկածվող տղամարդու ձերբակալման գործում ցուցաբերած օգնության համար, հայտնում են ռուսական գործակալությունները՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Այսօր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարեց, որ Դուբայից Մոսկվա է արտահանձնվել Ուկրաինայում ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը կասկածվում է Մոսկվայում Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի վրա կրակելու մեջ:
ԱԴԾ-ն հայտարարել է, որ պարզել է կրակոցների մեջ ներգրավված ևս երկու Ռուսաստանի քաղաքացիների ինքնությունը. մեկը ձերբակալվել է Մոսկվայում, մյուսը, ենթադրաբար, մեկնել է Ուկրաինա։
ՌԴ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ: Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել Ալեքսեևի բնակարանի մոտ: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
2023-ի ամռանը Ալեքսեևը մասնակցել էր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոիժինի հետ բանակցություններին, երբ նա, դեմ գնալով վարչակազմին, տանկերը քշել էր դեպի Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեքսեևը Ուկրաինայում պատերազմող «ռուս կամավորական խմբերի» գլխավոր համակարգողներից էր։ 2017-ին նրան շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա հարձակումը վերջինն էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալների սպանությունների կամ վիրավորումների շարքում: