Պուտինը հաստատել է ազգային քաղաքականության նոր ռազմավարությունը մինչև 2036թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ազգային քաղաքականության նոր ռազմավարությունը առաջիկա տասը տարիների համար՝ մինչև 2036 թվականը:

Փաստաթուղթը սահմանում է, որ ռուսական մշակույթի և ավանդույթների տարածմանը նվիրված միջոցառումները պետք է կազմեն նման միջոցառումների ոչ պակաս, քան 50 տոկոսը: Հայեցակարգը հատուկ անդրադառնում է արտասահմանում ռուսերենի և ռուսական մշակույթի տարածման անհրաժեշտությանը, ինչպես նաև «ռուսաֆոբիայի» դեմ պայքարին։

Կրեմլի կողմից հրապարակված փաստաթղթում նաև նշվում են նպատակային ցուցանիշներ, մասնավորապես, մինչև 2036 թվականը ռուսների 95 տոկոսը պետք է ցուցաբերի «քաղաքացիական գիտակցություն»:

Պուտինը նաև հանձնարարել է կառավարությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի օտար պետությունների քաղաքացիները Ռուսաստանն ընկալեն որպես «օրենքի գերակայությամբ կառավարվող ժողովրդավարական դաշնային պետություն, որը երաշխավորում է անհատների և քաղաքացիների հավասար իրավունքներն ու ազատությունները»։

Չնայած հռչակված այս նպատակներին՝ վերջին տարիներին Ռուսաստանում ընդունվել են բազմաթիվ օրենքներ, որոնք սահմանափակում են քաղաքացիների ազատ կամարտահայտման կամ ընտրության իրավունքները՝ դասելով նրանց «օտարերկրյա գործակալների» կամ իշխանությունների կողմից անցանկալի և ծայրահեղական համարվող կազմակերպությունների շարքում։