Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Ըստ հրամանագրի՝ նավթավերամշակման գործարաններում վառելիքի վերամշակման և արտադրության ծավալների, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա գաղտնի:
Նման տեղեկատվության հրապարակային տարածումը, այդ թվում՝ լրատվամիջոցներում և առցանց, արգելվում է: Հրամանագիրը չի տարածվում այն հաշվետվությունների վրա, որոնք ընկերություններն իրենք են հրապարակում:
Փաստաթղթում նշվում է, որ վառելիքի տեղեկատվությանը հասանելիության սահմանափակումը կիրառվում է «ԱՄՆ-ի և նրա դաշնակից օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողություններին ի պատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ» պայմանավորված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարվա վերջՀրամանագրում չի նշվում, թե որոնք են օտարերկրյա պետությունների կոնկրետ գործողությունները, որ հանգեցրել են այսպիսի արձագանքի։
Ուկրաինան 2026 թվականին զգալիորեն ավելացրել է անօդաչու թռչող սարքերով հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքներին: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, որոնք մեջբերել է Reuters-ը, տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից յուրաքանչյուր հարձակման է ենթարկվել միջինը երեք օրը մեկ անգամ:
Հունիսին Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են մոտ 30%-ով՝ համեմատած 2025 թվականի նույն ամսվա հետ՝ հասնելով 2004 թվականից ի վեր ամենացածր մակարդակին: Բենզինի արտադրությունը նվազել է մոտ մեկ հինգերորդով: