Պուտին. Ռուսաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2025թ.

Ռուսաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով կարգավորել ուկրաինական խնդիրը՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրա, որոնք կվերացնեն հակամարտության հիմնապատճառները, տարեվերջյան ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Մոսկվան, սակայն, չի հավատում, որ Կիևը պատրաստ է խաղաղության շուրջ բանակցությունների, ասել է Վլադիմիր Պուտինը:

«Դեռ իսկապես չենք տեսնում նման պատրաստակամություն: Նրանք այն ժամանակ էլ չէին ցանկանում: Եվ Ստամբուլի բանակցությունների արդյունքներով նախ համաձայնեցին, գրեթե ստորագրեցին, հետո աղբարկղը նետեցին բոլոր պայմանավորվածությունները», - նշել է Պուտինը:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների՝ շաբաթավերջին Մայամիում նախատեսված հանդիպմանը, ասել էր, որ կողմերը «մոտ են ինչ-որ բանի հասնելուն»:

Ու մինչ Պուտինը վստահեցնում է, թե Ուկրաինան պատրաստ չէ բանակցությունների, իսկ Թրամփը հայտնում է հնարավոր առաջընթացի մասին, Եվրամիության առաջնորդները երեկ մոտ 16 ժամ քննարկումից հետո չեն համաձայնել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու առաջարկի շուրջ: Փոխարենը համաձայնել են առաջիկա երկու տարիներին Ուկրաինային 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ տրամադրել ԵՄ բյուջեից։ Նախաձեռնությանը չեն միացել Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան ունի մեկ հստակ նպատակ՝ արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ իրենց նպատակն էր լուծել Ուկրաինայի հրատապ ֆինանական կարիքների հարցը։

«Եվ ես շատ ուրախ եմ ասել, որ մենք դա արեցինք։ Մենք ձեռք ենք բերել համաձայնություն, որ կարող ենք բավարարել Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները հաջորդ երկու տարվա համար», - նշել է ԵՀ նախագահը:

Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ Ուկրաինան այս վարկը կմարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանից փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց: Նաև ԵՄ-ն պահպանում է վարկը մարելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու իրավունքը, ասել է Անտոնիու Կոշտան՝ հավելելով, որ նաև համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Մեր նպատակը պատերազմը երկարաձգելը չէ։ Իրականում, այսօրվա որոշումները կարևոր ներդրում են Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելու գործում, քանզի Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու միակ ուղին Ուկրաինային ուժեղացնելն է», - պնդել է Կոշտան:

ԵՄ-ն այս որոշմամբ ապացուցեց, որ հասկանում է աշխարհաքաղաքականության մարտահրավերները, որոնց բախվում է այսօր, հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ կա համաձայնություն, որ եթե մինչև վարկի մարումը Ռուսաստանը որևէ փոխհատուցում չվճարի Ուկրաինային, ապա ԵՄ-ն ռուսական ակտիվները կօգտագործի այդ նպատակով:

«Սակայն առավելությունն այն է, որ մենք այժմ կարող ենք օգտվել եվրոպական փորձված և ստուգված գործիքներից և Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ առանց որևէ հետաձգման։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ Ռուսաստանն առայժմ հետ չի ստանա իր սառեցված ակտիվները», - հայտարարել է Մերցը:

Ռուսական 210 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներից 185 միլիարդը պահվում է Բելգիայում, որը դեմ էր դրանց հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելուն՝ չցանկանալով միայնակ ստանձնել իրավական և ֆինանսական ռիսկերը։ Բելգիայի վարչապետ Վարտ դե Վևերն ասել է, որ այս որոշմամբ Եվրոպան պաշտպանեց իր տնտեսական և ֆինանսական հեղինակությունը և ապացուցեց, որ միասնական է:

«Մենք խուսափեցինք քաոսից, խուսափեցինք պառակտումից, Եվրոպան մնում է միասնական, և այսօր միասնությունը նշանակում է, որ Եվրոպան շարունակում է կարևոր դեր խաղալ աշխարհաքաղաքական սեղանի շուրջ», - հայտարարել է Բելգիայի վարչապետը:

Հունգարիայի վարչապետը, որը չի միացել նախաձեռնությանը, ասել է, թե սա չափազանց վատ որոշում է, որը Եվրոպային է՛լ ավելի է մոտեցնում պատերազմին։ Վիկտոր Օրբանը նաև թերահավատ է, որ Ուկրաինան երբևէ կվերադարձնի վարկը:

«Տպավորություն է, թե վարկ է: Բայց ուկրաինացիները, իհարկե, երբեք չեն կարողանա այն վերադարձնել։ Այնպես որ, դա, ըստ էության, կորած գումար է։ Եվ դրա պատասխանատվությունը և ֆինանսական հետևանքները կկրեն նրանք, ովքեր կանգնած են այդ վարկի ետևում», - հայտարարել է Օրբանը:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ասելով, որ այդ գումարը զգալի աջակցություն է, որն իսկապես կամրապնդի երկրի դիմակայունությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրիՈւկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիերի հերթական փոխանակումն են իրականացրելՇաբաթավերջին Մայամիում սպասվում է ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների հանդիպումԿիևը և Վաշինգտոնը առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում. ԶելենսկիՄոսկվայից կրկին ազդակներ ստացանք, որ պատրաստվում են հաջորդ տարի շարունակել պատերազմը. ԶելենսկիNYT. Բեռլինում Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ