Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույց է կայացել

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության վերջին զարգացումները, հաղորդում է Կրեմլը:

Մասուդ Փեզեշքիանն իր գնահատականն է տվել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններին, երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ուղղված իրավիճակի ապաէսկալացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռուսաստանի ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս նպաստել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, միջնորդական ջանքեր գործադրել ի շահ Մերձավոր Արևելքում արդարացի և տևական խաղաղության հաստատման: Այդ նպատակով Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանում բոլոր գործընկերների հետ, նշված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդումը, փոխանցում է, որ Փեզեշքիանը Պուտինին վստահեցրել է՝ Թեհրանը կարող է Վաշինգտոնի հետ արդարացի համաձայնություն կնքել, եթե Միացյալ Նահանգները հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Իրանի կարմիր գծերը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է հավասարակշռված և արդարացի համաձայնության հասնելուն, որը կապահովի խաղաղությունը և հաստատուն անվտանգությունը տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ը մնա միջազգային-իրավական շրջանակում, համաձայնության հասնելը միանգամայն հնարավոր է», - իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Մասուդ Փեզեշքիանը:

Պակիստանի մայրաքաղաքում երեկ մեկնարկած և 21 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնություն ձեռք չի բերվել հատկապես միջուկային հարցի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը և Թեհրանը Իսլամաբադում համաձայնության չհասան