«Նոր զորահավաք չի լինի»,- պնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօրվա դրությամբ չկա այնպիսի սցենար, որ զորահավաք կպահանջեր։ Դա հակառակորդի կողմից, Պետդումայի ընտրությունների շեմին իրականացված տեղեկատվական հարձակում է։ Նպատակն էլ այդ արդյունքների վրա ազդելու փորձն է։ Ինչ վերաբերում է զինծառայողների անհրաժեշտ թվի առկայությանն, ապա այստեղ մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարում էր Ռուսաստանի ղեկավարը։
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը հնչեց այսօր Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում։ Դրա ընթացքում կազմակերպված պանելային քննարկումներից մեկի ժամանակ Ռուսաստանի ղեկավարն առաջին անգամ անդրադարձավ հնարավոր նոր զորահավաքի՝ մասնավորաբար պահեստազորայինների զորակոչի մասին չդադարող խոսակցություններին։ Դրանք սկսեցին շրջանառվել մոտ մեկ ամիս առաջ։ Ու թեև ռուսաստանցի պաշտոնայները շտապել էին հերքել այդ լուրերը, հանրության մի զգալի մասը չի մոռանում, որ նույնատիպ հերքումներ հնչում էին նաև 2022-ի սեպտեմբերին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում հայտարարված առաջին և առայժմ վերջին զորահավաքի շեմին։
Այսօր Վլադիվոստոկում Ռուսաստանի նախագահը նաև հայտարարեց, որ չնայած ռազմական գործողությունների շարունակությանն ու խաղաղ կարգավորման գործընթացի փաստացի սառեցմանը, ռուսական և ուկրաինական կողմերի միջև շփումներն ամբողջությամբ դադարեցված չեն։
«Այժմ փոքր ինչ դժվար է ասել, թե այդ շփումները որքանով կարող են հանգեցնել խաղաղ համաձայնագրի կնքման՝ հաշվի առնելով Ուկրաինայի առաջին դեմքերի կողմից հնչեցվող վերջին հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք առկա են, դրանք շարունակական, ընթացիկ ռեժիմում են։ Խոսքը նախևառաջ հատուկ ծառայությունների գծով շփումների մասին է»,- հայտարարում էր Պուտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ում ընտրություններից հետո զորահավաք չի լինի, Ուկրաինայի հետ բանակցությունները սառեցված են. ՊուտինԿիևից հնչող վերջին հայտարարություններ ասելով՝ Ռուսաստանի նախագահն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 1-ի հայտարարությունը, թե Ռուսաստանի օդային տարածքն «ամբողջությամբ վտանգավոր է դառնում անօդաչուների հարձակումների պատճառով»։ Զելենսկին նաև կոչ էր արել ավիաընկերություններին հաշվի առնել այդ հանգամանքը՝ նախևառաջ Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ չվերթներ իրականացնելու ընթացքում։ Առաջինը Ուկրաինայի նախագահի զգուշացումը հաշվի առան թուրքական ավիաընկերությունները։ Սեպտեմբերի 2-ին Turkish Airlines և Pegasus ավիաընկերությունները դեպի Ռուսաստան տասնյակ չվերթներ չեղարկեցին։
«Մենք այժմ նաև քաղաքացիական օդանավերի վրա հարձակման սպառնալիքներ ենք լսում։ Դա, իհարկե, պետական ահաբեկչության դրսևորում է։ Եվ դա, անկասկած, բարդացնում է երկկողմ բանակցությունների անցկացման հնարավորությունը։ Ի դեպ, այն ուժերը, որոնք այս դեպքում լռում են, անտեսում են այս հայտարարությունները (նախևառաջՈւկրաինայի արևմտյան դաշնակիցներին նկատի ունեմ), միջազգային ահաբեկչության հանցակիցներ են դառնում»,- հայտարարում էր Պուտինը։
Բայց, եթե Կիևի հետ երկկողմ շփումների հեռանկարներն, ըստ Ռուսաստանի նախագահի, բավական մշուշոտ են, ապա Միացյալ Նահանգների պարագայում ռուսական կողմը կարծես թե ավելի լավատես է։
«Մենք շփումներ ունենք ամերիկյան վարչակազմի հետ՝ այդ շփումները չեն դադարում։Հուսով եմ, որ այդ շփումները կշարունակվեն։ Մենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիակատար վերականգնման կողմնակիցներ ենք։ Որքանով ես եմ տեսնում, հասկանում, զգում, նախագահ Թրամփը դրական, կառուցողական աշխատանքի տրամադրվածություն ունի»,- հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։