Մատչելիության հղումներ

Արտերկրում գտնվող ռուսաստանցիների համար քաղաքացիությունից հրաժարվելը դառնում է ավելի դժվար ու թանկ

ՌԴ անձնագիր
ՌԴ անձնագիր

Վլադա Խարեբովան 2022 թվականից ի վեր փորձում է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն մինչ օրս հաջողության չի հասել:

Խարեբովան ապրում է Լատվիայում և քաղաքացիություն է փնտրում իր և իր երկու երեխաների համար։ Սակայն Բալթյան այս երկիրը, որպես կանոն, նման դեպքերում թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ. օրենքով միաժամանակ Լատվիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունենալը անթույլատրելի է:

Կինը խնդիրներ է ունեցել Ռիգայում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության հետ, որը, նրա խոսքով, տրամադրում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, բայց ոչ մի ուղեցույց, թե ինչպես ստանալ դրանք:

Վլադա Խարեբովան զրուցում է լրագրողի հետ
Վլադա Խարեբովան զրուցում է լրագրողի հետ

«Երբ զանգահարում կամ գրում եք հյուպատոսություն, նրանք ասում են՝ դրանով չենք զբաղվում, կներեք, չենք կարող օգնել», - Current Time-ին պատմել է Խարեբովան։

Ռուսաստանը նաև բարձրացրել է այս գործընթացի համար նախատեսված վճարները։ Կնոջ խոսքով՝ այժմ դրանք «զգալիորեն բարձր են»՝ համեմատած ուսուցչուհու իր աշխատավարձի հետ։

Խարեբովայի դուստրը խոչընդոտի է հանդիպել, երբ հյուպատոսությունը հրաժարվել է ընդունել նրա դիմումը, քանի որ նա չէր բերել Ռուսաստանից իր քոլեջի դիպլոմի պատճենը։ Խարեբովան ասում է՝ դիպլոմը նշված չէ պահանջվող փաստաթղթերի ցանկում։

Արտերկրում բնակվող ռուսաստանցիների համար Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը կարող է տարիներ տևել: Բարձրացրել են նաև քաղաքացիությունից հրաժարվելու տուրքերը:

Հուլիսի 22-ին ուժի մեջ մտած նոր օրենքով քաղաքացիությունից հրաժարվելու համար պետական տուրքը 4200 ռուբլուց (50 դոլար) բարձրացվել է մինչև 50 հազար ռուբլի (592 դոլար): Կառավարության առանձին որոշմամբ արտասահմանում ներկայացված դիմումների համար հյուպատոսական վճարը 130 դոլարից դարձել է մինչև 1200 դոլար։ Այս հանգամանքն ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ գործընթացը:

Ֆինլանդիայում բնակվող Վերոնիկա Միկկոնենը պատմում է, որ անհրաժեշտ որոշ փաստաթղթեր վավեր են ընդամենը երեք ամիս։

Դա կարող է ժամանակի դեմ մրցավազք ստեղծել, հատկապես այն պարագայում, երբ դիմողները դժվարանում են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հանդիպում ամրագրել, ինչը նույնպես կարող է ամիսներ տևել։

Միկկոնենին, ի վերջո, հաջողվել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումն արժեցել է գրեթե 1000 եվրո (1160 դոլար), չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ հյուպատոսական վճարը 130 եվրո էր (152 դոլար)։

Միկկոնենը քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշումը պայմանավորում է Կրեմլի կողմից երկրի ներսում իրականացվող ճնշումներով և Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմով:

«Ես պարզապես չէի ուզում գրպանումս կրել բռնապետական և պատերազմ սկսող երկրի անձնագիր», - ասել է նա Current Time-ին։

Մոսկվան դադարեցրել է վիճակագրության հրապարակումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 2023 թվականից ի վեր տվյալներ չի հրապարակել քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ: Մինչ այդ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականին 4356 մարդ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, 2020 թվականին՝ 3877, 2021 թվականին՝ 4055, իսկ 2022 թվականին՝ լայնածավալ պատերազմի առաջին տարում՝ 4306 մարդ։

Չնայած սրան, նախարարությունը հայտարարել է, որ 2022 թվականի ցուցանիշը միտումների էական փոփոխության ցույց չի տալիս: Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի խոսքով՝ 2023 թվականի առաջին ինը ամիսներին մոտ 4400 մարդ է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։

Հարյուր հազարավոր ռուսաստանցիներ լքեցին հայրենիքը, երբ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական զորահավաք հայտարարեց:

Մինչ պատերազմը շարունակվում է, իսկ դրա ավարտը չի նշմարվում, թարմացված պետական վիճակագրության բացակայության պայմաններում դժվար է պարզել, թե արդյոք աճել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը։

Սակայն առանձին երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ այդ թիվը զգալի է։

Էստոնիայում 2024 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 107 մարդ։ Այդ երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների այդ տարվա թիվն արդեն հասել էր 126-ի։

Էստոնիայում նույնպես հաստատում են, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում գործընթացը մշտապես ձգձգվում է: Տալլինում Ռուսաստանի դեսպանատունը՝ Ռուսաստանի քաղաքացիության մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, 2023 թվականի վերջից մինչև 2024 թվականի փետրվարը դադարեցրել էր քաղաքացիությունից հրաժարվելու նոր դիմումների ընդունումը։

Գործընթացի վերսկսումից հետո երկար հերթեր գոյացան, քանի որ Ռուսաստանը փակել էր իր հյուպատոսությունները Տարտու և Նարվա քաղաքներում և կրճատել էր Տալլինի դեսպանատան անձնակազմը։

Եվրոպայի մի շարք այլ քաղաքներում և այլուր Ռուսաստանի հյուպատոսությունները փակվել են Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին։

Նատուրալիզացիայի միջոցով Էստոնիայի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիները, որպես կանոն, պետք է հրաժարվեն իրենց գործող քաղաքացիությունից։ Հետևաբար, Ռուսաստանի դեսպանատանը ուշացումները խնդիր են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն ապացույցի, որ այլևս Ռուսաստանի քաղաքացի չեն, նախքան նոր քաղաքացիություն ստանալու գործընթացն ավարտելը։

«Ես Ռուսաստանի հետ կապ չունեմ»

Ռուսաստանի օրենսդրությունը նաև պայմաններ է սահմանում քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դիմողները պետք է ունենան այլ քաղաքացիություն կամ դրա ստացման երաշխիք, և դիմողը կարող է մերժվել, եթե ունի չվճարված հարկեր, տուգանքներ կամ որոշակի չլուծված իրավական պարտավորություններ։

Որոշ դիմողների համար հարցը ոչ թե այն է, թե արդյոք նրանք ցանկանում են լքել Ռուսաստանը, այլ այն, թե արդյոք կարող են իրենց թույլ տալ անցնել այս գործընթացի միջով և հաջողությամբ ավարտել այն։

Ալեքսանդր Սմիրնով, Մադրիդի բնակիչ
Ալեքսանդր Սմիրնով, Մադրիդի բնակիչ

Մադրիդում բնակվող Ալեքսանդր Սմիրնովը, ով ստացել է Իսպանիայի քաղաքացիություն, Current Time-ին պատմել է, որ փորձել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն նրան դա չի հաջողվել։

Վճարի բարձրացումից հետո, ըստ նրա, նա այլևս այնքան էլ վստահ չէր, թե արդյոք արժե շարունակել այդ գործընթացը։

«Ես 10 տարի չեմ եղել Ռուսաստանում, ես Ռուսաստանի հետ կապ չունեմ։ Ես այնտեղ ոչ մի գույք կամ բանկային հաշիվ չունեմ։ Ինձ այդ քաղաքացիությունը պետք չէ», - Current Time-ին պատմել է նա։

«Ես կցանկանայի հրաժարվել դրանից, որպեսզի ունենամ միայն մեկ քաղաքացիություն՝ այն երկրի, որտեղ ապրում եմ։ Դա տրամաբանական է։ Բայց իմ զգացողությունն այն է, որ նրանց նպատակն է խոչընդոտներ ստեղծել»։

Իրավապաշտպան Լև Պոնոմարյովը համաձայն է այս կարծիքի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված են քաղաքացիությունից հրաժարվելը դարձնել դժվար հասանելի ընթացակարգ։

«Նրանք չեն ուզում, որ իրենց քաղաքացիությունից հրաժարվողների մեծ հոսք լինի, և որ դա վերածվի մի տեսակ տեղեկատվական ռումբի՝ ցույց տալով, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից», - ասում է իրավապաշտպանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG