Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխություններն իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են:

Նրանք այսօրվա ճեպազրույցին հակասահմանադրական որակեցին ընտրություններից 2 ամիս առաջ ԸՕ-ում կատարվող փոփոխությունը, որով թույլ չեն տալու, որ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակի անձնանուն:

«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել: Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը:

Մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանի ուժը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:

Քաղաքական ուժի անդամները նշում են, որ սա օրենք է Սամվել Կարապետյանի մասին, ուրիշ ոչ մեկին չի վերաբերում:

Խորհրդարանն այս պահին քննարկում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Իշխանությունից նշում են, որ սա օրենսգիրքը՝ ընտրական գործընթացը բարելավելու նպատակ ունի, խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է նախագիծը՝ նշելով, որ քննարկում չի եղել կոնկրետ դրույթի փոփոխության վերաբերյալ, «մեկ գիշերում ոտքի վրա են որոշել»:

Կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա ասուլիսին հավելեց, որ ՔՊ-ի այս նախագիծը ցուցադրում է իշխանության վախերը:

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է իրավական բոլոր գործիքներով պայքարել այս փոփոխության դեմ: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը նշեց, որ ՍԴ կարող է դիմել պատգամավորների 1/3 -ը, տվյալ պարագայում ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ երկրի նախագահը:

Այս պահին ԱԺ-ի դիմաց հավաք է տեղի ունենում:

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ 3 խոշոր բլոկ է ձևավորվել՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ -ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր և գործիչներ:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն առայժմ հանրությանն անհայտ 2 ուժի հետ է դաշինք կազմել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ