Փոխվարչապետերի գլխավորությամբ Երևանում կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Երևանում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Մի քանի ժամ տևած նիստից հետո Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ սուղ տեղեկատվությամբ: Նույն բովանդակությունն ունի նաև ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը:

«Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Թե մշակութային-հումանիտար հարաբերությունների վերաբերյալ քննարկումները կոնկրետ ինչ հարցեր են ներառում, մանրամասներ հաղորդագրության մեջ չկան:

Հայտնի չէ նաև, թե պաշտոնյաներն առևտրատնտեսական ոլորտի վերլուծելիս որ հարցերի վրա են կենտրոնացել: Մինչ Երևան ժամանելը Ալեքսեյ Օվերչուկն անցած շաբաթ խոսել էր Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալներից և նշել. - «Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 միլիարդ դոլար: Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար: Սա շատ զգալի անկում է»:

Արդյոք երկու երկրների միջև առևտրի ծավալների այս կտրուկ անկումն են վերլուծել փոխվարչապետերի պատվիրակությունները, պաշտոնական հաղորդագրությունում դարձյալ պատասխան չկա: «Ազատություն»-ը փորձեց այս և մյուս հարցերի պատասխանները ստանալ փոխվարչապետի գրասենյակից, բայց մեր զանգերին չպատասխանեցին:

Ինչո՞ւ է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը զգալի նվազել: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ վերջին տարիների առևտրաշրջանառության աճը պայմանավորված էր ռուս - ուկրաինական պատերազմով, Հայաստանը կապող երկիր էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև, էական էր հատկապես ոսկու արտահանումը:

«Այս տարի այդ ոսկու վերաարտահանումը շատ փոքր է, քանի որ 2024 թվականի մայիսին Ռուսաստանը հանեց երրորդ երկրներ ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը մտցրեց այդ արտահանման տուրքը, որի արդյունքում Հայաստանով ոսկու արտահանումը դարձավ ոչ այնքան ձեռնտու: Այո, որոշակի փոխանցումներ կատարվում են դարձյալ Ռուսաստանի համար Հայաստանում, բայց հիմնական միջնորդ երկիրը կամ վերաարտահանող երկիրը Հայաստանը վերացավ, հիմա Ռուսաստանը ինքն է փորձում այդ գործընթացը կազմակերպել ինքնուրույն: Եվ սրա արդյունքում մենք ունեցանք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների զգալի անկում՝ մոտ 45-ից 50 տոկոսի չափով, այդ անկումը կանխատեսելի էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով, 2022 թվականից՝ ռուս - ուկրաինական պատերազմից առաջ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմել է տարեկան մոտ 2.5 միլիարդ դոլար: Նրա վերլուծությամբ՝ անկումը այսքանով չի սահմանափակվի, ասում է՝ եղած ցուցանիշը նույնպես վերաարտահանման արդյունքում է ձևավորվել. - «Հայաստանով դեպի Ռուսաստան են վերաարտահանվում էլեկտրատեխնիկա, սարքավորումներ և այլն, որը դարձյալ հայկական ապրանքներ չեն, և մի օր, երբ որ Ռուսաստանը կարգավորի իր հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ առևտրաշրջանառությունը նույնպես դուրս է գալու»:

Ռուսաստանի փոխվարչապետը անցած շաբաթ առևտրի ծավալների նվազման մասին խոսելիս այս գործոններին չէր անդրադարձել, բայց հարկ էր համարել ընդգծել, թե «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»:

Փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկն ու Մհեր Գրիգորյանը երկու տարուց ավելի է դադարեցրել են բանակցությունները տարածաշրջանային ապաշրջափակման հարցով: Պատերազմից հետո հենց նրանց ղեկավարությամբ էին Երևանն ու Մոսկվան բանակցություններ վարում: Մինչև վաշինգտոնյան համաձայնությունները ռուսական կողմը պարբերաբար հիշեցնում էր այդ ձևաչափով համաձայնությունների արդիականության մասին: Հիմա արդեն ռուսական կողմը «Թրամփի ուղի» նախագծում ներգրավվելուց է խոսում: Այսօրվա հանդիպմանը պաշտոնյաները քննարկել են դրա հնարավորությունը, թե ոչ, հայտնի չէ: Հաղորդվում է միայն՝ փոխվարչապետերը նիստին հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին, կրկին՝ առանց մանրամասների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում էԻնչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. ՕվերչուկՈղջունում ենք ՌԴ և ՀՀ-ի երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. ՕվերչուկՌուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է ՀայաստանՄոսկվայից զգուշացնում են՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանի նկատմամբ կարող է մաքսային այլ ռեժիմ կիրառվելՕվերչուկ․ «Հայաստանի հանդեպ մեր տնտեսական քաղաքականությունը կարող է վերանայվել» Օվերչուկ․ «Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնակի նվազելու է»