Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի հավատարմությունը խաղաղությանը, կայունությանը և ամուր անվտանգությանը: Փեզեշքիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, հայտնում է նախագահականը:
Նա նաև վերահաստատել է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակումն ավարտելու Թեհրանի վճռականությունը՝ ընդգծելով երկու հարևանների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը:
Փեզեշքիանն ընդգծել է՝ հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է:
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մուսավին ասել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում:
Նա հայտարարել է, որ արտատարածաշրջանային տերությունների ներկայությունը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և անկայունության ու անվտանգության բացակայության պատճառ է հանդիսանում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն Իրան էր մեկնել փետրվարի 23-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի դեսպանը՝ Երևանում ակցիաների և Հայաստանի իշխանությունների «համապատասխան քայլերի» մասին