Մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց, թե այն ինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում, խայտառակություն է։
ՀՀ-ում պետք է լինի այնպիսի համակարգ, որը, ըստ վարչապետի, պետք է բխի ժողովրդից, իսկ սրա համար, ասաց, անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապեց երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու հետ՝ դարձյալ ընդգծելով, թե ՀՀ-ում հաստատված իրավակարգի նկատմամբ ալերգիա կա։
«Նոր Սահմանադրություն ընդունելու ներքին պահանջ Հայաստանում չկա, դա գալիս է Բաքվից», -վարչապետին հակադարձեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ այն «փաթեթավորումը, թե արդարադատության պակասով է պայմանավորված», Ադրբեջանի պահանջը քողարկելու փորձ է. «Դրանով փորձում են քողարկել, ի՞նչ արդարադատություն, արդարադատություն ՀՀ-ում միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Անձամբ Նիկոլ Փաշինյանն է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:
Հայաստանի սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գալյանի խոստացած ժամկետն ավարտվել է, բայց Սահմանադրության նոր նախագիծը չի հրապարակվելԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության գործում. ԱմիրբեկովՄանրամասները տե՛ս այստեղ