«Պետք է փոխել բանակի կրիմինալ մթնոլորտը». մահվան հերթական դեպքը զինված ուժերում

Պայթյունից պայմանագրային զինծառայող է զոհվել, կեսօրին հաղորդեց Պաշտպանության նախարարությունը: Զինծառայողի անունը չի հրապարակվում:

Ի՞նչ պայթյունի մասին է խոսքը, որտե՞ղ է այն եղել, զորամասո՞ւմ, թե՞ դրանից դուրս՝ ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, միայն նշում է, որ մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն և կատարվում է քննություն:

Արդյո՞ք զինվորը վերջ է տվել կյանքին նռնակի միջոցով, ինչպես մամուլում է շրջանառվում, ՊՆ-ն նաև այս հարցը չի հստակեցնում: Հայտնի է միայն, որ Քննչականում վարույթ է հարուցվել, բայց թե ի՞նչ հոդվածով՝ Քննչականը ողջ օրվա ընթացքում չբացահայտեց:

Ժաննա Ալեքսանյանն աղետալի է գնահատում զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրությունը

«Եթե իրենք հիմա մտածում են ու չեն ասում, թե ինչից մահացավ, ինչպես որակեն, էս ա կտեսնենք.... մանավանդ, որ մամուլում նետում են էդ վարկածները ինքնասպանության: Կարելի՞ է էդքան ինքնասպանությունները, որ որակում եք... ու հետո բազմիցս համոզվել ենք, որ դրանք սպանություններ են», - նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Մինչ իրավապահները լուռ են, բանակի հարցերով իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն աղետալի է գնահատում զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրությունը հատկապես իշխանության հայտարարած խաղաղության պայմաններում: Պնդում է՝ փակ համակարգում քրեական բարքեր են, ինչի զոհն էլ դառնում են զինվորները:

«Կոչերով հնարավոր չի բանակը փոխել, պետք է փոխել այդ կրիմինալ մթնոլորտը բանակում», - ասաց Ալեքսանյանը:

Այս տարվա միայն ութ ամսում ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 14 զինծառայող է մահացել: Բանակային մահերի համար հանրությունը պատասխան է պահանջում հենց նախարարից, Սուրեն Պապիկյանը, սակայն, անցած ամիս զարմացել էր իր հասցեին հնչող քննադատությունից. «Էն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում»:

Նախարար Պապիկյանը նաև նշել էր, թե չի կարող գնահատական տալ, իր իսկ բնորոշմամբ՝ այս ինտենսիվ խտության համար: Պաշտոնական տվյալներով, այս տարվա անցած ամիսներին, բացի 14 մահվան դեպքերից, ևս նույնքան զինվոր էլ, ըստ ռազմական գերատեսչության, մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքների հետևանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում». Պապիկյան

«Կատարեք օբյեկտիվ քննություն, պատժեք մեղավորներին, որ չկրկնվեն էդ դեպքերը», - ասաց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի ղեկավարած կազմակերպությունն ավելի քան երկու տասնյակ գործերի է հետևել՝ ընտրելով հենց ինքնասպանության վարկածով դատարան ուղարկվածները: Ընդգծում է՝ բոլոր դեպքերում էլ այդ վարկածը փլուզվել էր: Սա է պատճառը, որ բանակում մահվան դեպքերը չբացահայտելու համար իրավապաշտպանը մեղադրում է քննչական կառույցին, չնայած մեկ անգամ չեն իրավապահները նշել, որ կատարում են բազմակողմանի ու անաչառ քննություն:

«Տոտալ վերահսկողություն իրականացնելու համար պետք է գործեն համապատասխան ինստիտուտներ». Իոաննիսյան

Իրավապաշտպանները նախարարին հորդորում են զորամասեր ստուգայցերի փոխարեն առավելապես զբաղվել բանակի կարգուկանոնով: Սուրեն Պապիկյանը վերջերս հաճախ է այցելում տարբեր զորամասեր, ինչպես պնդում է, առանց նախապես տեղեկացնելու, ծանոթանում զինվորների առօրյային:

Պապիկյանի այցերը ինստիտուտների բացակայության մասին վկայող միկրոմենեջմենթի դրսևորում են՝ պնդում է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:

«Ողջունելի է, որ նախարարն, իր տեղակալները երբեմն այցելեն զորամասեր, ավելի շատ ընդհանուր երևույթների հետ կապված իրենց պատկերացումները հղկելու համար: Բայց տոտալ վերահսկողություն իրականացնելու համար պետք է գործեն համապատասխան ինստիտուտներ», - ասաց նա:

Իոաննիսյանի կարծիքով, Սուրեն Պապիկյանը վաղուց պետք է վերափոխած լիներ գլխավոր ռազմական տեսուչի ինստիտուտը, ռազմական ոստիկանությունը, որոնք էլ կլծվեին զինված ուժերի բարեփոխումներին:

«Իրենք իրենց աշխատանքը գործող կառուցակարգերով չեն կարող անել այնպես, որպեսզի այս ֆունկցիաներն անեն: Պաշտպանության նախարարը տեսնելով, որ ինքը արդի խնդիրներին, մարտահրավերներին համապատասխանող գլխավոր ռազմական տեսուչ ու ռազմական ոստիկանություն դե ֆակտո չունի, ինքն անձամբ իրականացնում է այս գործառույթները», - ընդգծեց Իոաննիսյանը:

Թե ինչո՞ւ չի արել, պատասխանը չգիտի, բայց նաև հարցնում է՝ որքա՞ն ժամանակ է Պապիկյանն անձամբ կամ տեղակալներով վերահսկելու կարգապահությունը՝ ամիսնե՞ր, տարինե՞ր։ Իսկ ե՞րբ են նախարարության ներսում ինստիտուտները այնպես վերափոխվելու, որ այդ գործառույթը կատարեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շատ քիչ է, բոլորը պիտի պատժվեն», - ասում է վրաերթից մահացած զինվորի մայրըԶինծառայողի մահվան նոր դեպք. սպանության համար կասկածվողը ձերբակալվել է«Ահավոր քաոսային վիճակ էր». ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ էին ուշ ժամի զինվորները զորամասից դուրս՝ ավտոճանապարհին վազում Զինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն