Պեսկովն ասել է, թե ինչը կարող է լինել Պուտին-Թրամփ հանդիպման թեմաներից մեկը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, կոլաժ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում առաջիկա հանդիպմանը կարող են քննարկել ուկրաինական Կոնստանտինովկա մարդասիրական առաքելություն իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, ռուսական «Վեստի» լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը:

«Իհարկե, չի կարելի բացառել, որ այս հարցը կբարձրացվի Թրամփի հետ զրույցների ժամանակ», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե Ռուսաստանը դեռ Ուկրաինայից չի լսել որևէ խոսք այն մասին, որ պատրաստ են նման առաքելություն իրականացնել:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարող է կրկին հանդես գալ որպես միջնորդ կամ մարդասիրական առաքելության կազմակերպիչ, ինչպես դա արեց ռուսական զորքի կողմից գրավված ուկրաինական Օլեշկի քաղաքի դեպքում, Պեսկովը հիշեցրել է, որ նա եղել է այս մարդասիրական գործընթացի ակունքներում, որի շրջանակում Օլեշկիից 750-ից ավելի մարդ տարհանվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին. ինչ է քննարկվելու

«Իհարկե, մեր օմբուդսմեն [Յանա] Լանտրատովան արդեն նրա թիմի հետ աշխատանքի որոշակի փորձ ունի։ Այնպես որ, իհարկե, այս փորձը օգտակար կլինի», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Հոկտեմբերի վերջին Օլեշկիում, ռուսական և ուկրաինական կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մարդասիրական առաքելություն իրականացվեց՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովայի և Դմիտրի Լուբինեցի մասնակցությամբ։ Հրադադարը սկսվեց հոկտեմբերի 27-ին և տևեց գրեթե վեց օր։

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ժամանակ Պուտինը առաջարկել էր նմանատիպ առաքելություն անցկացնել Դոնեցկի Կոնստանտինովկա քաղաքում՝ նշելով, որ ականազերծումը կտևի հինգ օր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օլեշկիից տարհանվել է 750-ից ավելի մարդ

Սպիտակ տունը, Չինաստանի արտգործնախարարությունն արդեն հաստատել են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը Շենժենում, որը կկայանա նոյեմբերի 19-ին:

Financial Times-ը գրել էր, թե կողմերը որոշել են հրաժարվել նախապես համաձայնեցված օրակարգից, ինչը, ըստ թերթի, «անսովոր որոշում» է հանդիպումը հյուրընկալող Չինաստանի առաջնորդի համար, որը սովորաբար պահանջում է, որ օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումները մանրամասն քննարկված սցենարով անցկացվեն:

Բրիտանական պարբերականը նշել էր, որ Թրամփը մտադիր է հանդիպմանը բարձրացնել միջուկային զենքի վերահսկողության և տարածման հարցերը: Ըստ թերթի՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Իրանի հարցը, սակայն ուկրաինական հակամարտության կարգավորման թեման օրակարգում չէ: