Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին ԱՄՆ վիզա չտրամադրելու Վաշինգտոնի որոշումը ոչ բարեկամական գործողություն է Մոսկվայի նկատմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ալիմովն ԱՄՆ վիզայի համար դիմել էր՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար:
«Անկասկած, այս հարցը [վիզայի մերժումը] կբարձրացվի ամերիկյան կողմի հետ շփումների ժամանակ։ Սա մեր երկրի դեմ ուղղված ոչ բարեկամական գործողությունների ևս մեկ շարք է»,- ասել է Պեսկովը։
Ավելին, ըստ նրա՝ այս գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների՝ որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկրի, պարտավորություններին։ «ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիրը չպետք է թույլ տա նման գործողություններ։ Ընդհակառակը, այն պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի բոլոր անդամների հավասար մասնակցությունը»,- հավելել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պաղեստինի նախագահն այս տարի ևս չի կարող անձամբ մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ-ին՝ վիզայի պատճառովԻ դեպ, ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանա մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու և տեսակապով կհղի իր ուղերձը:
Չնայած Իրանի հետ ընթացող պատերազմին՝ ԱՄՆ-ն վիզաներ տրամադրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին, սակայն ճանապարհորդական խիստ սահմանափակումներ է սահմանել և կրճատել է պատվիրակության կազմը:
Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է ԵՄ որոշ երկրների կողմից ռուս միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուն, ինչը զայրացրել է ԵՄ որոշ երկրներին և Ուկրաինային։ Ռուս պաշտոնյան ասել է, որ ոչ միայն Ուսմանովի և Ֆրիդմանի, այլև Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած բոլոր պատժամիջոցներն են անօրինական, հետևաբար պետք է վերացվեն: