Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ նշելով, որ այն «պատմական փաստաթուղթ» է:
«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. խաղաղությունը կիրականացվի փոխադարձ հարգանքի ստվերում»,- գրել է նա։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հանձնառու և անսասան է եղել համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով իր արժանապատվությունն ու անկախությունը, ինչպես նաև առաջընթացի և տարածաշրջանային համագործակցության հարցում»,- հավելել է նա։
Փեզեշքիանը, ԱՄՆ նախագահի և միջնորդ Պակիստանի վարչապետի հետ երեկ է հեռավար կարգով ստորագրել շրջանակային համաձայնագիրը: Վաղն էլ երկու երկրները միջնորդների միջոցով պետք է շարունակեն բանակցությունները Շվեյցարիայում:
Ըստ փաստաթղթի՝ պատերազմն անհապաղ դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Կողմերը պարտավորվում են հաջորդ 60 օրում շարունակել բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար: ԱՄՆ-ն 30 օրում պետք է վերացնի Իրանի ծովային շրջափակումը, Իրանն էլ վերաբացի Հորմուզը և 60-օրյա բանակցությունների ընթացքում գումար չգանձի նեղուցով անցնելու համար:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ն տարածաշրջանի գործընկերների հետ ստեղծում է 300 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ Իրանի վերակառուցման և տնտեսական զարգացման համար, Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները հանվում են, Իրանն էլ պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, հարստացված ուրանն էլ ոչնչացնել ԱՄՆ-ի օգնությամբ: