«Պատգամավորներն, իհարկե, ցածր են ստանում և դա մեծագույն խնդիր է», - ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մեծագույն խնդիրը մեղմելու համար պատգամավորների հաշիվներին մոտ երեք միլիոն դրամ էր փոխանցվել օրեր առաջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոններըՀայաստանում միջին աշխատավարձը 300 հազար դրամ էլ չկա, թոշակով մեկ ամիս հնարավոր չէ գոյատևել, ո՞ւմ հետ է համեմատում խորհրդարանի ղեկավարը, որ պատգամավորի շուրջ 800 հազար դրամը համարում է ցածր:
«Ունենք ուսուցիչ և զինվորական, որ այդքան է ստանում՝ 400-500 հազար ստացող զինվորական և ուսուցիչ»,- նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը Հայաստանում քանի՞ ուսուցիչ է ճանաչում, որ 500 հազար դրամ ու ավելի բարձր են ստանում, հարցրինք Սիմոնյանին: Ազգային ժողովի ղեկավարը պնդեց ասածն՝ առանց հստակ օրինակների. «Բոլորի՝ նախարարների, փոխնախարարների, ոստիկանների, ուսուցիչների, բոլոր բյուջետային աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, բացի պատգամավորներից, այսինքն՝ պատգամավորները մարդ չե՞ն, ուզում եմ հասկանալ: Մեր նախարարներն ու փոխնախարարները մի քանի անգամ ավելի շատ են ստանում, և շատ ու շատ պետական հիմնարկների աշխատակիցներ շատ ավելի շատ են ստանում: Իսկ մարմինը, որը որ այդ որոշումներն է կայացնում, ներողություն եմ խնդրում, ներկայացուցչական մարմին է, պետք է առնվազն ներկայանալի լինի, չի կարող անտեսվել...ոնց է ստացվում մնացածը պիտի ստանան, իսկ 107-ը՝ քիչ է...», - շեշտում է ԱԺ նախագահը:
Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը մի քանի անգամ բաձրացան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Թոշակների ու նվազագույն աշխատավարձի դեպքում այդպիսի սրընթաց աճ չեղավ: Ավելին՝ օրեր առաջ Փաշինյանն ուղիղ խոստովանեց. «Թոշակառուների թոշակն ամսական 11 հազար դրամով ավելացնենք, ի՞նչ ա անելու թոշակը»:
Պատգամավորների հաշվին Ամանորի շեմին փոխանցվել է չլսված ու չտեսնված չափի գումար, որ շփոթվել են նույնիսկ նրանք:
«Անկեղծ ասած՝ ես զարմացա, երբ տեսա, որ իմ հաշվին բավականին մեծ գումար էր նստել, անմիջապես զանգահարեցի Ազգային ժողով և պարզաբանում պահանջեցի, թե ինչ է, գուցե սխալմունք է և անհրաժեշտություն կա դա հետ ուղարկելու և պետք է գնամ բանկ», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորի աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է, 250 հազար դրամ էլ ստանում են աշխատանքային ծախսերի համար: Ընտրություններից ամիսներ առաջ շփոթության մատնող գումարն ի՞նչ հաշվարկով է գոյացել ու փոխանցվել աշխատակազմին ու պատգամավորներին, պաշտոնական տեղեկություններ չկային: Խորհրդարանից խրթին ձևակերպված պարզաբանեցին միայն աղմուկից հետո: Ըստ այդ բացատրության՝ Աժ աշխատակազմի ու պատգամավորների համար նախատեսված կես տարվա հավելավճարները միանգամից են փոխանցել:
«Պարզաբանումը ոչ միայն նրա մասին էր, որ դա միայն աշխատավարձի հետ է կապված, այլև պարզաբանումը նրա մասին էր, որ դա կես տարվա գումար է, որ միանվագ է եղել, այլ ոչ թե մեկանգամյա վճար», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ընդդիամդիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը պարգևավճարին դեմ չէ, դեմ է, որ բոլորն են ստանում, նույնսիկ նրանք, որոնց իրենց գործընկերներն անգամ անունով չգիտեն, ելույթ չեն ունեցել ու նախագիծ չեն մշակել
Թովմասյանի խոսքով.- «Դրան գումարած՝ ես այդ պարգևատրումների երևույթը դիտարկում եմ ընդհանուր անպատասխանատվության մթնոլորտում: Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության, Ալեն Սիմոնյանի ղեկավարության տարիներին խորհրդարանում և ընդհանրապես պետական համակարգում բյուջեի գումարները ծախսվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իրենք որոշել են պարգևավճար, կտան այսքան պարգևավճար, չեն որոշել՝ չեն տա»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը տարակուսած է հատկապես խորհրրդանի խոսնակի այն համեմատությունից, թե ուսուցիչներն ու զինվորականները բարձր աշխատավարձ են ստանում
«Ես չեմ կարող ասել, որ զինվորականները, ուսուցիչները, մանկապարտեզի դասվարները, կրթական մյուս հաստատությունների ներկայացուցիչները ստանում են բարձր աշխատավարձ, սա մեծ խաբեություն է և նույնիսկ ատեստացիա անցած զինվորականները չեն ստանում բարձր աշխատավարձ, ինչին իրենք արժանի են», - շեշտեց Թովմասյանը:
Խորհրդարանի պարգևատրումների համար, ըստ կառավարության որոշման, ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել: