«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն այսօր, անդրադառնալով հայկական երկաթուղու վերաբերյալ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց՝ «սրում է հարաբերությունները երկրների հետ»:
Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի ու Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին՝ առանց փակագծեր բացելու:
«Սրում է հարաբերությունները երկրների հետ այն ձևով ինչը բերեց պատերազմի: Սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց առիթ է տալիս: Մենք դեռ չենք մարսել էն մի թշնամուն, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանո՞ւմ պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել», - ասաց Նարեկ Կարապետյանը:
Նա նաև հավելեց. «Ինչ ով Փաշինյանի ծափ է տալիս, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020 թվականի պատերազմից առաջ: Չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել»:
«Ազատության» դիտարկմանը՝ «ասում է՝ Ռուսաստանը խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ փնտրել, արդյո՞ք սա հիմնավոր չի», - Կարապետյանն արձագանքեց. «Այդ խնդիրներով թող գնա բանակցի, ճանապարհ, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի որերորդ անգամ տուպիկի: Թող գնա բանակցի, դա մեթո՞դ է հարաբերություններ հաստատելու համար, բողոքելով չի, մենք անկախ երկիր ենք, պետք է կարողանանք համ հեռավորություն սահմանելուց ճիշտ անենք, համ էլ այնպես չանենք, որ վաղը, մյուս օրը ավելի սրենք իրավիճակը»:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականին 30 տարով։ Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու և այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին: Փաստարկն այն էր, որ ռուսական կառավարման պատճառով երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները:
«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի հետ, և՛ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր վարչապետը:
Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, իսկ Երևանը հայտարարեց, որ քննարկումները կշարունակվեն, մինչև կարողանան գալ համաձայնության:
Վերջին ամիսներին սրվել են հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է կիրառել: