Խորհրդարանի ամբիոնից այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին «պիղծ» անվանեց՝ դարձյալ մեղադրելով նրան զավակ ունենալու և Հայ Առաքելական եկեղեցին եկեղեցական կանոններից դուրս դնելու համար:
«Այսինքն՝ եթե ձեր համար սիրուհի ունեցող Վեհափառը նորմալ է, ինձ համար՝ որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է: Պիղծ ա ձեր Վեհափառը, պիղծ ա»,- ողջ ընթացքում Փաշինյանը օգտագործում էր Վեհափառի ավազանի անունը, ինչի հետևանքով նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց: Խորհդարանական ընդդմիությունն ի պատասխան սկսեց խփել սեղաններին, բղավելով՝ «Վեհափառ»:
«Այսինքն՝ եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք՝ ինչքան ուզում եք: Ես ինչքան գիտեմ՝ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ նույնիսկ եկեղեցում չկան: Երեխա ունենալու մի մեթոդ կա, էդ սեռական հարաբերություններ են»,- ԱԺ ամբիոնից ասաց Փաշինյանը։
Վարչապետն այսօր եկեղեցու թեմային անդրադարձավ, երբ ներկայացնում էր կառավարության 2026 - 2031 թվականների ծրագիրը և անդրադառնում Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությանը:
Այդ խաղաղության մասին հոգ տանելու և տարբեր հայտարարություններով այն չխարխլելու համատեքստում էլ Փաշինյանը հիշատակեց Գարեգին Երկրորդին և այն հոգևորականներին, ովքեր պատարագներում հիշատակում են Արցախի անունը։
Փաշինյանը պնդեց՝ հենց սա է այն պատճառներից մեկը, որի համար Գարեգին Երկրորդը պետք է հրաժարական տա։
«Օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծոն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը: Այսպիսով՝ եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ»,- հայտարարեց վարչապետը։
Արցախի անունը պատարագներում հիշատակելը որպես կաթողիկոսի հեռացման պատճառ Փաշինյանն այսօր առաջին անգամ էր ուղիղ հիշատակում
Մինչ այդ, վարչապետը Գարեգին Երկրորդին հեռանալու կոչ էր անում կուսակրոնության ուխտը խախտելու և դուստր ունենալու համար կամ «ամենօրյա ռեժիմով օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին զեկուցելու համար»։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացեց խաղաքարտերը» և խոստովանեց այն, ինչ ընդդիմությունը ամիսներ շարունակ պնդում էր՝ կաթողիկոսի դեմ Փաշինյանի կռվի իրական պատճառը Արցախն է: Իսկ մնացած հարցերն, ըստ Կարապետյանի, ընդամենը գործիք են, Մայր Աթոռի վրա քաղաքական ազդեցություն ունենալու համար:
Պատարագներին Արցախի անունը հնչեցնելու և դրանով պատերազմ հրահրելու իշխանության մեղադրանքներին Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադրաձել էր դեռ այս հունիսին՝ ասելով, որ պատերազմ չեն հրահրում, այլ աղոթք են բարձրացնում Արցախի ժողովրդի իրավունքների համար:
«Մենք պարտավոր ենք ամեն ջանք ի գործ դնել, որպեսզի արդարությունը իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ»,- ասել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, այսօր տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում՝ Առաքելական եկեղեցում առաջացած «համակարգային ճգնաժամի» մասին: Թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը, ովքեր են պատրաստում այդ զեկույցը, և ինչ իրավական ուժ է այն ունենալու, Փաշինյանը չմանրամասնեց: Միայն հիշեցրեց՝ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ընդգրկված է իր կառավարության հնգամյա ծրագրում:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Սևակ Խաչատրյանը հիշեցրեց՝ Վեհափառի դեմ արշավը սկսվեց կաթողիկոսի՝ 2025-ի մայիսին Շվեյցարիայում կազմակերպված միջազգային համաժողովում ունեցած ելույթից հետո. երբ Գարեգին Երկրորդը խիստ քննադատեց Ադրբեջանին՝ խոսելով վերջինիս հակահայ քաղաքականության, Արցախի հայաթափման, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի ոչնչացման մասին:
Ընդդիմադիր Սևակ Խաչատրյանը ասաց.- «Այսինքն՝ եթե եկեղեցին սա չաներ, ես ենթադրում եմ, որ միգուցե դուք այս արշավը եկեղեցու դեմ Ձեր ասած «բարնեոգաման ծրագիրը չիրականացնեիք»։
Շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից ընդդիմադիր գործիչը նաև հարց տվեց վարչապետին, ո՞ր օրենքով է նա միջամտում Հայ Առաքելական եկեղեցու գործերին:
Փաշինյանի խոսքով.- «Էդ նույն եկեղեցին և պետությունը անջատ են, ի՞նչ իրավունք ունի եկեղեցին խառնվի քաղաքական պրոցեսներին, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջի կամ քաղաքական գործունեություն ծավալի»։
Ի դեպ, 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց, երբ Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վարչապետին կոչ արեցին հրաժարական տալ, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ պահանջը նորմալ էր համարել, ասելով, թե եկեղեցական առաջնորդներն իրենց դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունեն:
Այսօր խորհրդարանում օրվա ավարտին, երբ վարչապետը կրկին անդրադարձավ Գարեգին Երկրորդին, միտումնավոր մի քանի անգամ կրկնեց Վեհափառի ավազանի անունը, ինչին ընդդիմությունը շարունակ պատասխանում էր սեղանին հարվածելով։ Ի վերջո, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» ի նշան բողոքի՝ ամբողջ կազմով լքեց նիստերի դահլիճը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին վարչապետ Փաշինյանի այսօրվա գնահատականներին Մայր Աթոռից դեռ չեն արձագանքել:
Մանրամասները՝ տեսանյութում.