Վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը. Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է նշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

«Խիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի, մեզ պետք ա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը». - վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրություն փոխելու նոր պատճառաբանություն է հնչեցնում՝ հիմա, նրա բնորոշմամբ, խայտառակ վիճակում գտնվող արդարադատության հարցն է հրատապ: Իշխող ուժը շատ կարևորում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը;

«Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, և էդ մաֆիան իրա մետաստազները ունի բոլոր տեղերում. էդ մաֆիան իր մետաստազները ունի Ազգային ժողովում, Կառավարությունում, դատարաններում, Դատախազությունում, քննչական մարմիններում, Ոստիկանությունում: Հերիք ա, հերիք ա, էդ բանի, ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի ա քայքայել», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Ասենք, մի կենտրոնից կառավարվող, որ սենց բուծած, բուծած, բուծած, բուծած, բուծած, ա լա բանի, Սերժ Սարգսյան ա, Ռոբերտ Քոչարյան ա, արդարադատությունը հիմա ինքը իրան վերարտադրում ա, պետք ա էդ վերարտադրության մետաստազը կտրել, էդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով: Բա օրգանական պրոբլեմ կա, էդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի, Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից»:

Փաշինյանն ու իր թիմը ութ տարի է Հայաստանում իշխանության են, ինչո՞ւ չեն արել այդ փոփոխությունները. այս հարցը վարչապետն ինքն էլ իրեն տվեց ու անմիջապես պատասխանեց. - «Որովհետև դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի, կներեք, նոր Սահմանադրությամբ ընդունված, Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի», - հայտարարեց վարչապետը, որի SMS-ով դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է հրաժարական տվել, իսկ դա ընտրովի պաշտոն է:

«Նոր Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից», - պնդեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը կարծում է՝ Սահմանադրություն փոխելու ներքին պահանջ չկա, և վարչապետի այսօրվա փաստարկն էլ միայն Բաքվի պահանջը քողարկելու փորձ է: Իսկ արդադադատության վատ վիճակը Փաշինյանը Սահմանադրության հետ է կապում, քանի որ, ըստ դաշնակցական պատգամավորի, ուզում է է՛լ ավելի խստացնի ընտրովի արդարադատությունը:

«Այսինքն Սահմանադրությունն ա մեղավո՞ր, որ էսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ: Օրինակ՝ նույն Սամվել Կարապետյանը, ինչի՞ մասին ա խոսքը: Մարդն ասում ա՝ «թող գա, էրկու բառ ասի, որ ես իմանամ՝ ինքը ինտելեկտուալ անձնավորություն ա»: Է էրկու բառ ասեց՝ բռնեցիք էդ մարդուն», - հայտարարեց Ռուստամյանը:

Վերջին երկու տարում՝ նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հանձնարարականից հետո, Փաշինյանը Մայր օրենքը փոխելու ամենատարբեր պատճառաբանություններն է բերել՝ նախորդ հանրաքվեների արդյունքները լեգիտիմ չեն, գործողը չի նպաստում Հայաստանի մրցունակությանը տարածաշրջանում:

«Մեր գործող սահմանադրությունները սկսած 1995 թվականից առնվազն լրջագույն հարց են թողել՝ արդյո՞ք դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», - մասնավորապես հայտարարել է վարչապետը:

Վերջինն փաստարկն այն էր, որ գործող Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտածին է. - «Ինքը ոչ թե Անկախության հռչակագիր ա, ինքը կոնֆլիկտի հռչակագիր ա»:

Ադրբեջանը հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի պայմանով, որ փոխվի Մայր օրենքը: Բաքուն, մասնավորապես, այնտեղ չի ուզում տեսնել Ղարաբաղի մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագրին հղումը: Ադրբեջանի կարծիքով՝ այն իր նկատմամբ տարածքային պահանջ է;

Մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, Փաշինյանն ինքն էլ Անկախության հռչակագիրը Մայր օրենքում պահելուն դեմ է արտահայտվել:

Ինչքան էլ կանխատեսվում է, որ նախագիծը հենց վարչապետի համոզմանը կհամապատասխանեցվի, բայց նրա թիմը, մեկ է, պահում է ինտրիգը, չեն հստակեցեում՝ կմնա՞ Սահմանադրությունում հղումը հռչակագրին, թե՞ կհանվի: Վերջին խոսքը, չէր թաքցրել արդարադատության նախարարը, Կառավարությանն ու իշխող ուժինն է լինելու:

Վարչապետն այսօր չհստակեցրեց՝ մինչև ընտրություններ նախագիծը կհրապարակվի՞, թե՞՝ ոչ:

Նրա թիմակից՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց՝ փորձելու են հանրայնացնել:

«Ակնկալում ենք մեր քաղաքացիներից ստանալու սահմանադրական մեծամասնություն և ասում ենք, որ ընտրություններից հետո գնալու ենք սահմանադրական, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Եվ կարծում եմ՝ քաղաքական իմաստով լավ կլինի, որ ստացվի այնպես, որ մենք հաջողենք մեր աշխատանքներում, և ստացվի տեքստը հրապարակել մինչև ընտրությունները: Բայց, կրկնում եմ, մենք աշխատանքային փուլում ենք գտնվում, դրա համար ես չեմ կարող այս պահին կանխատեսումներ, ժամկետներ և հաստատապեսորևէ բան ասել», - նշեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը:

Մինդեռ տարեսկզբին սահմանադրական բարեփոխումները խորհուրդը նախագահող արդարադատության նախարարն ասել էր, թե նոր Սահմանադրության տեքստը մարտին հրապարակման ենթակա կլինի: Հանրաքվեն նախատեսում են անցկացնել հունիսի 7-ի ընտրություններից հետո: Վերջին խոսքը ժողովրդինն է, որը «այո» կամ «ոչ» պիտի ասի իշխանության առաջարկին: Նախքան այդ խորհրդարանը պետք է ընդունի նախագիծը հանրաքվի դնելու որոշում, որտեղ պարզ մեծասնությունը բավարար չէ, Նիկոլ Փաշինյանի ուժին բացարձակ մեծամասնություն է պետք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գալյանի խոստացած ժամկետն ավարտվել է, բայց Սահմանադրության նոր նախագիծը չի հրապարակվելԱրայիկ Հարությունյանը վստահ է՝ նոր Սահմանադրությունը առաջին իսկ հանրաքվեով կընդունվիԵթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանենք. ՓաշինյանՆոր Սահմանադրության նախագիծը իրավական առումով պատրաստ է, քաղաքական քննարկումները շարունակվում են. ԳալյանՆախարարությունը հերքում է, թե հրապարակված Սահմանադրության նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն էՍահմանադրությունը փոխելու պահանջը՝ խոչընդոտ պայմանագրի ճանապարհին. ԱՄՆ զեկույցն ու արձագանքներըՈչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպիտի պարունակի մեր անկախությունը վտանգող դրույթ. Գալյան