Ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. միջոցառմանը ներկա են Փաշինյանն ու Ալիևը

Ստորագրվեց ԱՄՆ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, միջոցառմանը ներկա են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Միացյալ նահանգների նախագահը թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները՝ հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Նա ասաց, որ այդ երկրներից շատերի առաջնորդները դարձել են իր բարեկամները:

Թեև վարչապետի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, այսօր նա մեկնել է Շվեյցարիա՝ միանալու ամերիկյան նախաձեռնությանը:

Միացյալ Նահանգների նախագահը հինգ տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ, ըստ հաղորդումների հրավեր են ստացել նաև Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդները, որոնք Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին՝ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներն է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները: Սակայն շատ փորձագետների համոզմամբ՝ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել:

Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներից մի քանիսը զգուշավոր են արձագանքել այս նախաձեռնությանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի առաջնորդը մերժել է դրան միանալ։ Հայաստանը, սակայն, օրեր առաջ է հայտարարել, որ կմիանա Թրամփի առաջնորդած խորհրդին:

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», - հայտարարել էր Փաշինյանի մամուլի քարտուղարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին

Սպիտակ տան աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ հրավերը ստացած 50 համաշխարհային առաջնորդներից 35 -ը համաձայնել են միանալ «Խաղաղության խորհրդին», այդ թվում՝ դաշնակից Իսրայելը, Թուրքիան և Հունգարիան, որոնց ղեկավարների հետ Թրամփն անձնական լավ հարաբերություններ ունի, Ուզբեկստանը, Ղազախստանը: Reuters-ը նկատում է, որ Թրամփի հրավերն ընդունել են նաև Հայաստանը և Ադրբեջանը՝ հիշեցնելով, որ այս երկրները անցած տարվա 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը: Վաշինգտոնում Ամերիկայի նախագահի միջնորդությամբ խաղաղության են հասել:

Արևմտյան լրատվամիջոցների ձեռքի տակ էր հայտնվել խորհրդի կանոնադրությունը, ըստ որի՝ դրա բոլոր անդամները պետք է վճարեն մեկական միլիարդ դոլար անդամավճար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ցանկանում է, որ երկրները վճարեն 1 մլրդ դոլար՝ Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար