Փաշինյանը Բիշքեկում նաև ԹՐԻՓՓ-ն է քննարկել

Բիշքեկում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը: Նրանք անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Սթիվ Դեյնզը կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Կառավարության հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը: Նա վարչապետ Փաշինյանի հետ հանդիպել էր նաև օգոստոսի սկզբին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Սենատոր Դեյնզը հուլիսի 7-9-ը այցելել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և տնտեսական ու արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա եղել էր նաև Ղազախստանում և Թուրքմենստանում, հանդիպել այդ երկրների նախագահների հետ:

«Դեյնզի ուղևորությունը տեսանելի թափ հաղորդեց Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասն իրար կապելու ԱՄՆ-ի նոր ռազմավարությանը, ինչը համահունչ է Թրամփի վարչակազմի՝ առևտրի հիմքի վրա գործընկերության խթանման քաղաքականությանը: Դրա ինստիտուցիոնալ և ֆինանսական ճարտարապետությունը դեռևս անավարտ է, սակայն ուղղությունը գնալով ավելի հստակ է դառնում», - ասված է սենատորի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Ալիևի, Մոդիի հետ, վաղը կհանդիպի Պուտինին