Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու:
«2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ մի շարք համայնքներում գնալու են այդպիսի որոշման ու «Համերաշխություն» անունով դաշինք ենք ձևավորելու:
Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր: 2021-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի դեմ պայքարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում էր: Այդ ընտրություններից հետո կալանավորվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գորիսի նախորդ ընտրություններին բանտից հաղթեց ՔՊ-ին: Ընտրողների 60 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր Առուշանյանի օգտին:
Առուշանյանը «Ազատության» հետ զրույցում երեկ հայտնել էր՝ վերջին տարիներին համոզվել է, որ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում, շենացնում երկիրը. «Էս փուլում, գոնե, ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը ի օգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, ի օգուտ ժողովրդի են»:
Գորիսում ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: