Հայաստանի վարչապետն այսօր առաջին անգամ հայտարարեց՝ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, մոտ երեք րոպեանոց տեսանյութում այդպես էլ չասաց՝ կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, և արդյոք Երևանն ու Բաքուն արդեն վերջնական համաձայնությա՞ն են եկել այդ հարցում:
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն»
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», - նշեց Փաշինյանը:
Անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում է: Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենին զուգահեռ, կիրառում է նաև «Քյարքի» անվանումը՝ պնդելով, թե այդկերպ հանում է թեմայի նյարդը, որպեսզի այն հետագայում չդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի պատճառ:
Փաշինյանը մինչև օրս նաև պնդում էր, թե անկլավ-էքսկլավների հարցով Բաքվի հետ որևէ քննարկում կամ որոշում չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն. ՓաշինյանՀայաստանյան ընդդիմությունը, մինչդեռ, կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը նախապատրաստում է Տիգրանաշենի հանձնմանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյան
Այսօր էլ, Փաշինյանի ելույթից հետո խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը չշտապեց եզրակացնել, թե Տիգրանաշենն ու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն փոխանակվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի հետ:
«Կարո՞ղ ենք մենք տարբերակ դիտարկել, որ ինչ-որ մի տարածք Ադրբեջանը տալիս է Հայաստանին Ճամբարակից դեպի Արծվաշեն, և նույն տարածքը Ադրբեջանին Հայաստանը տալիս է Նախիջևանից դեպի Տիգրանաշեն: Պատկերացո՞ւմ եք՝ Հայաստանի մեջից մի հատ մեծ կտոր մնում է Ադրբեջանին: Տարածք տարածքի հետ փոխանակեց, խորքի մեջ անկլավ այլևս գոյություն չունի, բայց այդ փոխանակման արդյունքում Հայաստանը հայտնվում է դժոխքի եզրին», - ասաց Խաչատրյանը:
Մինչդեռ ՔՊ խմբակցության քարտուղարը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ խոսքը հենց Տիգրանաշենի ու Արծվաշենի փոխանակման մասին է: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ, թեև ասաց՝ վարչապետի հայտարարության մանրամասներին ծանոթ չէ, բայց ենթադրեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը փոխանակման մասին է հայտարարում, ուրեմն Բաքվի հետ կա համապատասխան համաձայնություն:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյան
«Մեր դիրքորոշումը եղել է հետևյալում, որ ըստ էության Հայաստանի Հանրապետության համար երկու տարբերակներն էլ ընդունելի են՝ թե՛ տարածքների փոխանակումը և թե՛ հենց ստատուս-քվոն, որ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի այն իրականությունն է գետնի վրա, որը պետք է հետագայում արդեն սահմանազատման ու սահմանագծման արդյունքում արձանագրվի: Այո, եթե հայտարարությունը կա, կարծում եմ, պետք է այդ ճանապարհով գնանք: Հիշեցնեմ նաև, որ սա ենթադրում է երկու երկրներում համապատասխանաբար հանրաքվեների անցկացում», - ընդգծեց Աղաջանյանը:
Այն, որ Երևանը չի խուսափելու անկլավ-էքսկլավների հարցից և որևէ տարբերակով գնալու է դրա լուծմանը, վարչապետ Փաշինյանը մշտապես է շեշտել, բայց մինչ օրս չէր հստակեցրել, թե Երևանի համար որ սցենարն է նախընտրելի: Մեկ տարի առաջ նա բացատրում էր, թե նախ պետք է տեսնի իրավական հիմքերը, ապա նոր կարծիք հայտնի:
«Երբ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք՝ մերը, և կտեսնենք, կհամեմատենք: Երբ որ և եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին՝ այդ արձանագրվածն ինքը մենք առաջարկո՞ւմ ենք՝ փոփոխության ենթարկվի, թե՞ չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելն ինքնին մեթոդական սխալ է», - ասել է վարչապետը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը». Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցինԸնդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատահական չհամարեց այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսեց փոխանակման մասին: Խաչատրյանը հարցը կապեց նոր Սահմանադրության ընդունման հետ. «Ինքը տալիս է ժողովրդին այդ կոնֆետը, որպեսզի ժողովուրդը գնա, քվեարկի հանրաքվեի ժամանակ այն Սահմանադրության օգտին, որի գաղափարը հղացվել է Բաքվում, և դրա համար մենք ասում ենք ալիևյան սահմանադրություն: Դա ձևակերպում է այնպես, որ վաղը մեկնաբանի այնպես, ինչպես որ ինքը ցանկանում է, սա է խնդիրը», - ասաց Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա հայտարարությամբ նկարագրեց, թե իր պատկերացմամբ՝ ինչ տեսք պետք է ունենա Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Նա դարձյալ ընդգծեց, որ Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ընթացող սահմանազատմամբ ու սահմանագծմամբ։ Այդ շրջանակներում, ըստ վարչապետի, պետք է նաև տարածաշրջանի բոլոր ճանապարհները ապաշրջափակվեն:
«Բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն»
«Բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակում, բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով աշխատելու ու հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ», - հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Երևանն ու Բաքուն միմյանցից չպետք է ունենան տարածքային կամ որևէ այլ պահանջ։ Նշեց, որ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ շփումների արդյունքում տպավորություն է ստացել, թե Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն խաղաղությանը նման տեսք տալու, և առաջիկայում զբաղվելու են դա իրականություն դարձնելով։
Բաքվից արձագանք դեռ չկա: