Փաշինյանն արձանագրում է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին «2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթելու համար»:

«Ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարեց Փաշինյանը գործող խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Եվ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև հստակ իր կամքը արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, և իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատու քայլերով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի կառավարություն:

Երեկ անցկացված ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով՝ Ազգային ժողով են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ըև երեք ուժերը, որոնց Փաշինյանն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ ամփոփած նախնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը