Արմավիրի բանտ տեղափոխված 18-ամյա Դավիթ Մինասյանը գիշերը գլխացավերով է անցկացրել: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող և մշտական խնամքի կարիք ունեցող պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար:
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տղայի կալանավորումը խոշտանգում է որակում. «Ունի երեխան հիվանդություն, որը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ՝ որպես ազատությունից զրկելուն խոչընդոտող: Այսինքն, երեխան պետք է մի ժամ թեկուզ անազատության մեջ չմնա, իրավունք չունի ուղղակի, սա արդեն խոշտանգում է»:
Վարչապետ Փաշինյանի՝ նախապես չհայտարարած այցը կիրակի Սուրբ Աննա եկեղեցի վերածվեց քրեական պատմության, որի հետևանքով նրա անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված պատանին մեղադրյալ դարձավ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին«Երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ առողջական խնդիրներ ունի». Փաշինյան
Ինքը՝ Փաշինյանն այսօր արդարացրեց անվտանգության աշխատակցին: Այդ օրվա կադրերում երևում է, թե ինչպես է եկեղեցում նա հրելով մարդկանց ճանապարհ բացում վարչապետի համար, ընթացքում էլ հարվածում այժմ կալանավայրում գտնվող Դավիթին:
«Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը պարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել: Երբ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի դեմ է քրեական գործ հարցուվելու, ինքը կարա հայտնվի բանտում, իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար», - ասաց Փաշինյանը:
Իրավապահները եկեղեցում տեղի ունեցածը որակել են կազմակերպված հանցագործություն: Ըստ Քննչականի, Դավիթ Մինասյանը խուլիգանություն է արել և բռնություն գործադրել վարչապետի նկատմամբ նրա քաղաքական կամ ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար, կողքը կանգնած երկվորյակ եղբայրն աջակցել է, իսկ քիչ այն կողմ պատարագ լսող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ կազմակերպել այս ամենը: Եղբայրներն ու Գևորգյանը վստահեցնում են, որ միմյանց չեն ճանաչում: Գևորգյանը պատմել էր, որ ընդամենը փորձել էր թույլ չտալ, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող պաշտոնյան հարվածի Դավիթին:
«Երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի, այլ կարգի խնդիրներ ունի, և ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Եթե այդպես չլինի, այդ ծառայությունն անիմաստ կլինի, և ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը չկատարի», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը, որ կիրակի տեղի ունեցած միջադեպին արձագանքեց 4 օր անց, պնդեց՝ Դավիթը վնասվածք չի ստացել. «Նենց ա հարվածել, որ նույնիսկ մարմնական վնասվածքներ չէր ստացել, կարող էր ցանկացած մարմնական վնասվածք ստանալ, բա իր ծառայության իմաստն էն ա, որ երբ կա հարձակում կամ հարձակման վտանգ, ինքը գործի»:
Որտեղի՞ց վարչապետին այդ տեղեկությունները, «Ազատության» հետ զրույցում հարցնում է կալանավորված պատանու փաստաբանը: Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ փորձաքննություն է նշանակված, արդյունքների մասին անգամ իրենք տեղեկացված չեն. «Հետաքրքիր է, որ այդ վարույթով հանդիսանալով Դավիթ Մինասյանի պաշտպանը, պաշտպանական թիմից որևէ մեկը տեղեկություն չունի նշանակված փորձաքննության արդյունքների վերաբերյալ, բայց ստացվում է, որ երկրի վարչապետն արդեն հայտարարեց, որ Դավիթ Մինասյանը մարմնական վնասվածք չունի»:
Պատանու փաստաբանը հակադարձում է Փաշինյանին, թե անվտանգության աշխատողը գործել է օրենքով՝ պաշտպանելով իրեն. «Քաղաքացի, ով կանգնած է... դա իրավունք է տալիս կամ մտնում է իրենց գործողությունների, պարտականությունների սահմանո՞ւմ, որ սկսեն մարդկանց հրելը, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց էին պաշտպանում: Օդի մեջ ինչ-որ ձեռք է: Եկեք դա իրավական տիրույթում գնահատենք՝ ի՞նչ էր էս ձեռքը, բռնությո՞ւն էր իր նկատմամբ, ծե՞ծ էր, ինչի՞ց էին իրեն պաշտպանում»:
«Աղոթքի ընթացքում քաղաքացուն հրելը իր ո՞ր պարտականությունների սահմանի մեջ է տեղավորվում». փաստաբան
Մինչ վարչապետ Փաշինյանն ընդգծում էր անվտանգության նկատառումներից ելնելով պատանուն հարվածելու անհրաժեշտությունը, փաստաբանը վկայակոչում է այն կադրերը, որտեղ անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է տղային այն պահին, երբ վարչապետն արդեն հեռացել էր տղայի մոտից:
«Ինքը անցնում է, անվտանգության աշխատակիցը հետևից գալիս է ու բռունցքով հարվածում է», - ասաց Լուսինե Մարտիրոսյանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները, մարդկանց հրելով, փորձում ճանապարհ բացել վարչապետի համար՝ հրմշտելով նաև երկվորյակ եղբայրներին։
Հենց սրանից հետո է Դավիթը բողոքում իրեն տեղից հեռացնելու դեմ և ձեռքը մեկնում վարչապետի ուղղությամբ։ Թեև իրավապահները պատանու շարժումը որակել են հանցագործություն, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը: Հատկապես վարչապետի այս գնահատականից հետո արդյոք իրավապահները քննություն կսկսեն, պարզ չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դպրոցական նստարանից՝ բանտ. ինչո՞ւ Քննչականը «չի տեսնում» անվտանգության աշխատակցի հարվածը«Երեխաները կանգնած աղոթք են անում, աղոթքի ընթացքում, երևում է տեսագրություններով, ոնց է պահպանության ծառայության աշխատակիցը սկսում Դավիթին հրել, հիմա ուզում եմ հասկանալ՝ կանգնած քաղաքացուն արարողակարգի ժամանակ հրելը իր ո՞ր պարտականությունների սահմանի մեջ է տեղավորվում», - նշեց փաստաբանը:
Բացի վերաքննիչ բողոքից, որով պահանջում են ազատ արձակել տղային կալանքից, փաստաբանները իրավապահներին են ուղարկել նաև անվտանգության աշխատողի հարվածի կադրերը, որոնք երեկ հրապարակեցին:
Ու մինչ վարչապետն անձամբ է արդարացնում իր անվտանգությունն ապահովող պաշտոնյային, նրա թիմակիցներից ոմանք էլ ծաղրում են 18-ամյա աշակերտին: Երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Վեդիի ՔՊ-ական քաղաքապետի գրառման պատճառով: Գարիկ Սարգսյանը գրել էր՝ «18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։ Вот какая доля хулиганчика»:
«Պաշտոնատար անձը նման գրառում անի՞, ինչի՞ վրա ենք հրճվում, երեխայի, որը վերջին զանգը պետք է անցկացնի բերդում, դա մեր պետության ամոթն է», - ասաց փաստաբանը:
Դավիթը Մինասյանը բժիշկների հսկողության տակ է. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Դավիթը Մինասյանը բժիշկների հսկողության տակ է, անցել է առաջնային բուժզննությունը, այսօր էլ կզննվի նեղ մասնագետների կողմից, և ըստ դրա կստանա անհրաժեշտ բուժօգնությունը:
Մայրը երեկ մտահոգվում էր որդու առողջության և կյանքի համար: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգություններ ունի տղայի կալանքի հետ կապված, բայց դեռևս ուսումնասիրում է փաստաթղթերը: Ասաց՝ այսօր այցելել են պատանուն:
«Առողջական խնդիրներ միանշանակ անձն ունի, որովհետև փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից առողջական վիճակի հետ կապված մտահոգություններ կան», - ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
Արմավիրի բանտը, որտեղ պահվում է 18-ամյա Դավիթ Մինասյանը, 2025 թվականին աչքի ընկավ մահվան բարձր վիճակագրությամբ: Եթե 2021-ին այս բանտում 4 մահվան դեպք էր արձանագրվել, անցած տարի այդ թիվը հասավ 9-ի: Իրավապաշտպանները նաև բողոքում են բանտային պայմաններից: