«Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարը բյուջեի թալան է». Մարուքյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն անցած տարի ու միայն մեկ կիսամյակի համար մոտ 14 միլիոն դրամ պարգևավճար է ստացել: «Հետք»-ին այս տեղեկությունը կառավարությունից են հայտնել:

«Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»,- նշել է վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3.5 միլիարդ դրամի խրախուսում պետական համակարգին

Մոտ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Փաշինյանը, որ իրեն համարում էր Հայաստանի երեք միլիոն վարչապետից մեկը, այսօր բացատրել է՝ ինչու են ինքն ու մյուս պաշտոնյաները արժանացել մի քանի միլիոնանոց պարգևավճարների: Պարզվում է՝ այսպես նաև իրենք իրենց կոռուպցիոն գայթակղություններն են զսպում:

«Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է ու ՀՀ մեծ ներդրումներ են հոսելու և մեծ մրցակցություն է առաջանալու ՀՀ իրականացնելու ներդրումային ծրագրեր, և այս առումով մեր գնահատակնն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ, և մենք՝ այդ թվում պետական պաշտոնայներին ու պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անտեսված է թոշակառուն, պիտի քիչ ուտես, քիչ տաքանաս». թոշակառուներն արձագանքում են իշխանություններին

Կոռուպցիան ու թալանը հո պոզով-պոչով չեն, այն ինչ անում է Փաշինյանի կառավորությունը, ուղիղ թալան է, - պնդում է Էդմոն Մարուքյանը, որ նախկինում աշխատել է Փաշինյանի կաբինետում ու նրա հետ քաղաքական ճանապարհ անցել:

«Բյուջեի անարդյունավետ ծախսը, ինչը, ըստ էության, անարդյունավետ ծախս է, բայց արդեն նստած է իրենց բանկային հաշիվների վրա։ Դա նույնպես կոռուպցիա է և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի գնահատականով սա քաղաքական կոռուպցիա է, սա թալան է», - ասում է ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատգամավորները ցածր են ստանում, դա մեծագույն խնդիր է». Ալեն Սիմոնյան

Պաշտոնյաների պարգևավճարների ու հավելավճարների թեման լրահոսում եռում է տարեվերջից, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորների բանկային հաշիվներին էլ դեկտեմբերին մոտ երեք միլիոն դրամ է փոխանցվել: Երեկ էլ պարզվեց, որ տարեվերջին կառավարությունը պետական համակարգին խրախուսել է՝ պետական բյուջեից 3.5 միլիարդ դրամ կամ մոտ 9.2 միլիոն դոլար բաժանելով:

Պաշտոնյաների պարգևավճարների կոնկրետ չափը կառավարությունը չի հրապարակում: Նախարարներից Սրբուհի Գալյանը խոստովանել է՝ շուրջ յոթ միլիոն դրամ է ստացել:

Վարչապետը բացատրում է նաև, թե պետական համակարգում աշխատանքի գրավչությունն են այսպես բարձրացնում, որ լավ մասնագետները գան այստեղ, Փաշինյանի խոսքով.- «Մարդիկ կան, որ այլ տեղերում հաջող կարիերա են անում և, երբ նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են պարզ հիմնավորում, ասում են՝ այո, մենք ուզում ենք մեր պետությանը ծառայել, բայց այս ընթացքում մենք ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի հետ համապատասխան է, և մենք օբյեկտիվորեն չենք կարող այդ որոշումն ընդունել, այսինքն՝ տեղափոխվել աշխատանքի պետական համակարգում»:

Ընդդիմադիր գործիչ Մարուքյանն էլ նշում է.- «Իրենք էդ թեմայով շեղում են իրար մեջ բաժանած փողի թեման, սա բացարձակ մասնագետների մասին չէ»:

Որևէ մեկը դեմ չէ, որ ներքին օղակների, լավ մասնագետների աշխատավարձը բարձրանա, խոսքը վերին օղակի՝ քաղաքական պաշտոնյաների մասին է, ասում է Մարուքյանը, շարունակում.- «Իմ գնահատականն այն է, որ իրենք պրոֆեսիոնալների աշխատավարձերը չեն բարձրացրել, այլ իրենք ուղղակի 3․5 միլիարդ դրամ բաժանել են իրար մեջ։ Փաշինյանը ինքը իրա և իր ընկերների, իր թիմակիցների... տեսեք՝ բոլորը քաղաքական պաշտոնյաներ են, նախարար, փոխնախարար, վարչության պետեր, բոլորը քաղաքական հայեցողական պաշտոններ են, մարդա 18, հազարից 20 հազար դոլար մինչև 6 հազար, 7 հազար դոլար փող են բաժանել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները

Հարկատուների հաշվին շռայլ պարգևատրումները Նիկոլ Փաշինյանը բացատրում է նաև ֆինանսական ծանրաբեռնվածությամբ, թե օրինակ՝ մարդիկ էլի գործեր ունեն ու աշխատավարձը չի բավարարում: Եվ այս հանրօգուտ գործը, ըստ նրա, դատական հայցերն են ապատեղեկատվության դեմ:

«Հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ»,- հայտարարում է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի բացատրությունները չեն համոզել նաև քաղհասարակությանը: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է. «Եթե կառավարության անդամի կամ պետական համակարգում աշխատող որևէ անձի նկատմամբ լինում է դատական որևէ հայց, կառավարությունը և պետությունը պետք է որ իրավական պաշտպանություն տրամադրի անձին»:

Շռայլ պարգևավճարները քաղաքական կոռուպցիա է որակել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետ Վարուժան Հոկտանյանը: Նրա գնահատմամբ՝ այդ գումարը բաժանվել է նախընտրական տարում պաշտոնյաների լոյալությունն ու իշխանության օգտին ձայներ ապահովելու նպատակով: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար էլ հիմնավոր չեն կառավարության ղեկավարի պարզաբանումները. «Վարչապետը ուզում է ասել՝ հազար ու մի դարդ ունենք, հազար ու մի ցավ ունենք, և այդ ցավերը փակելու համար մենք պարգևավճարներ ենք ստանում և դա հեշտ միջոցն է, այդ բացերը փակելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն պարզաբանել է գումարների փոխանցումը. 2025-ի առաջին կիսամյակի ամիսների համար հավելյալ վճարում է

Նիկոլ Փաշինյանի բացատրություններից մեկն էլ այն է, թե պարգևավճարով մասնագիտական որակը բարձրացնելու հարց են լուծում, ինքնակրթվում են վերապաստրաստվում: Իսկ ով է ստուգում՝ ով ինչպես է այդ գումարը ծախսում: Նույն Փաշինյանը որտե՞ղ է շարունակում կրթվել: Հարցնում է իրավապաշտպանը. «Նույն ինքը՝ վարչապետը շարունակական կրթությամբ այս պահին չի զբաղվում որևէ բուհում, որևէ տեղ ֆինանսական միջոց չի ներդնում, որպեսզի շարունակի սովորել»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս միլիարդների մասին դեռ տրամաբանական բացատրություն չի լսել, իսկ արդարացումներից համոզվել է՝ Փաշինյանի կառավարության համար էլ իշխանությունը հնարավորություն է պետական միջոցների ամենամեծ կտորին հասնելու համար։