Փաշինյան. «Պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը մտադրությունը փոխի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հունվարի 4-ի հանդիպումը

Տասը եպիսկոպոսները նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն են գնացել: Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո հիմա էլ խորհրդի առաջին նիստն են գումարել: Օրակարգում Կաթողիկոսին անցնցում հեռացնելու հարցն է:

«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք էնպես անել, որ ինքը էդ մտադրությունը փոխի: Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում, էդ ո՞վ է ասում, որ ... Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ», - այսօր ճեպազույցում հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանն ամիսներ շարունակ պնդում էր՝ որպես ջերմեռանդ հավատացյալ է հոգևոր ռեֆորմ սկսել, այժմ որպես վարչապետ է գլխավորում հակակաթողիկոսական շարժումը և այստեղ չի տեսնում որևէ խնդիր. - «Ես հիմա վարչապետ եմ չէ՞ որպես ձեր առաջ հանդես գալիս, ես քաղաքացի չե՞մ: Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև»:

Մայր Աթոռը, որոշ իրավապաշտպաններ, ընդդիմադիրները մեղադրում են՝ վարչապետը ներքաշվել է եկեղեցու գործերի մեջ, այնինչ եկեղեցին ու պետությունն անջատ են, Սահմանադրություն ու օրենքներ է խախտում՝ մինչև 15 տարվա ազատազրկում ենթադրող հանցագործություն է:

«Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց». - Փաշինյանը սաղմոսով է պատասխանում ընդդիմախոսներին և նրանց, որ, իր խոսքով, եկեղեցին հենակետ են դարձրել պետության դեմ օգտագործելու համար:

Վարչապետի լիազորությունները ոչ թե սաղմոսներով, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով են սահմանված, իր լիազորությունների վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ չի պատրաստվել, չգիտեր, որ այդպիսի հարց կլինի. - «Ո՞րտեղ է գրած վարչապետի լիազորությունները, էնտեղ որտեղ գրած է վարչապետի լիազորությունների մասին, օրինակ` վարչապետը լիազորություն ունի՞ բրիֆինգ անելու, կա՞ գրած վարչապետի լիազորությունների մեջ, որ վարչապետը ... չէ, մի րոպե, ունի՞: Հա, հլը մի հատ կնայենք, հետաքրքիր է՝ որտեղ է ֆիքսված»:

Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով է նախատեսված՝ վարչապետը հանրությանը պարբերաբար պետք է Կառավարության գործունության վերաբերյալ տեղեկատվություն տա, օրենքում գործադիրի ղեկավարին հոգևոր որևէ գործառույթ վերապահված չէ, Սահմանադրությունն էլ ամրագրում է՝ պետական պաշտոնյաները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու օրենքներով: Պետության ու եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով էլ սահմանված է եկեղեցու ինքնակառավարումը: Այս դեպքում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: «Կամրջում եմ», - ասաց, - «Ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ Նոր Կտակարանի ինստիտուտի հետ, կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, և այլն, և էդպես շարունակ»:

Փաշինյանն այսօր էլ պնդեց՝ Վեհափառին հեռացնելու են սիրով տոգորված, քրիստոնեական հանդուրժողականությամբ: Եղել է, որ այդ ուղուց շեղվել ու վատ բառեր է օգտագործել վարչապետը, բայց դրա համար ներողություն է խնդրել. - «Խորանի առաջ ծնկի եմ գալիս և ներում եմ հայցում իմ մեղքերի համար»:

Հովհաննավանքի, Թալինի եկեղեցու գործող քահանաների մուտքը ուժայիններով փակելն ու դրանով կարգալույծ քահանաներին խորան բարձրանալու հարցում օգնելը սիրո՞վ է: Օրենքով է այդ ամենը, ասաց վարչապետը՝ առանց մանրամասնելու՝ ո՞ր օրենքով են իրավապահները ստանձնում վարչապետի գլխավորած հակակաթողիկոսական շարժման պաշտպանությունը:

«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դուք խոսում եք օրենքից, որևէ օրենքում գրված չի, որ իրավապահ մարմինները տենց տեղ կա, որ չեն կարող մտնել, կամ իրավապահ մարմինների մտնելու կարգ գոյություն չունի», - նշեց Փաշինյանը:

Ո՞րն է լինելու վարչապետի ու նրան միացած բարձրաստիճան հոգևորականների հաջորդ քայլը, այս պահին հստակություն չկա նաև խորհրդի նիստի վերաբերյալ Փաշինյանի տարածած հաղորդագրությունում: Այս արշավին զուգահեռ ավելանում են դեպի Վեհափառն ուղղվող նետերը:

«Առաջնորդի ընտրությունը կատարվում է երեք թեկնածուներից՝ ժողովրդի կողմից, մենք ժողովրդավար եկեղեցի ենք: Ուզում է իր սիրելի մարդուն բերել, մեզ պարտադրել՝ սա անընդունելի է և մերժելի է». - օրեր առաջ հակակաթողիկոսական թիմին միացած Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալջանյանը երեկ Հանրայինի եթերում Վեհափառին հակականոնական քայլերի համար էր մեղադրում: Տեղի ծխական խորհուրդները պիտի թեմի առաջնորդ ընտրեն, բայց Վեհափառն իր սրտի թեկնածուն ունի. - «Ուզում է պարաշյուտի պես մեկին բերել այնտեղ մեզ ներկայացնել՝ Գեղարքունյաց թեմի իր սիրելի սպասավորին, առաջնորդին, ինչ ասեմ»:

Թեմական կանոնադրություն կա, որ հենց Կաթողիկոսն է վավերացրել, ասում էր Գուսան վարդապետը: Մայր Աթոռից մինչև այժմ որևէ պարզաբանում չեն տալիս՝ եթե Շվեյցարիայի թեմի առաջնորդին ըստ թեմական կանոնադրության պիտի ընտրեն Շվեյցարիայում, ինչո՞ւ է Գեղարքունիքի թեմի առաջնորդն ուղևորվում Ժնև:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկեղեցու բարենորոգման խորհուրդն առաջին նիստում քննարկել է ճանապարհային քարտեզի անցնցում իրականացումը. ՓաշինյանԸնդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում ենՎարչապետը և 10 եպիսկոպոսները «Եկեղեցու բարենորոգման հայտարարություն» են ստորագրել, Մայր Աթոռից հակադարձում են «Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը». իրավաբաններ«Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը». Գարեգին ԲՓաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. Մայր Աթոռից դատապարտում են