Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը, ինչից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Նիստի սկզբում Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Հաջորդիվ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:
Հուլիսի 30-ին «Ազատության» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. - «ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»: