Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ազատվել է Փաշինյանի ցուցումով՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 12-ը մարտի, 2026թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։

«Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

«Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: [...] Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա», - ընդգծեց վարչապետը` հավելելով. - «Այսինքն, մենք պետություն ե՞նք, թե՞ սա բան ա, ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բան անում, փորձարկում»:

«Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա: Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո», - ասաց Փաշինյանը:

«Այսինքն՝ թանգարանի տնօրենը հեռացվել է Ձեր ցուցումով՝ այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել», - «Ազատության» այս հարցին վարչապետն արձագանքեց. - «Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով»:

Հարցին էլ՝ «Արցախի մասին իր խոսելը, նաև գիքր նվիրելը, Դուք համարել եք դա Կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողությո՞ւն», Փաշինյանը պատասխանեց. - «Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»:

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է այդ պաշտոնից։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականը՝ առանց բացատրության. աշխատակիցները խոսում են պարտադրանքի մասին