Փաշինյան-Էրդողան հանդիպում Անթալիայում. Հայաստանի վարչապետը դրական է գնահատում բանակցությունները

Անթալիայում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Չնայած Երևանի լավատեսությանը, բանակցություններից հետո տարածված հաղորդագրություններում կողմերը սահմանի բացման հնարավոր ժամկետներ չեն նշել, նոր պայմանավորվածությունների մասին չեն հայտարարել:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումից հետո «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց, որ հանդիպմանն անդրադարձել են նաև հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում. «Այո, բոլոր հարցերին էլ անդրադարձանք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար

Դիտարկմանը, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը նախօրեին հայ - թուրքական սահմանի բացումը ուղիղ պայմանավորվել էր հայ - ադրբեջանական լիարժեք կարգավորմամբ, վարչապետն արձագանքեց. «Կապվածություններ կան, մենք աշխատում ենք»:

Դրական գնահատելով Էրդողանի հետ բանակցությունները՝ Հայաստանի վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ակնկալում ենք հետագա զարգացումներ մեր հարաբերություններում»։

Լրագրողի հարցին՝ «ե՞րբ Անկարայում կտեսնենք ձեր երկրի դեսպանին», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա կախված է թուրքական կողմից: «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նույնիսկ այսօր», - ասաց նա:

Հանդիպումից հետո վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը:

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը շարունակվում է կառուցողական քայլերով, և որ ձեռնարկվել են որոշ խորհրդանշական և կարևոր քայլեր։

Նրանք կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:

Երկու երկրների ղեկավարները հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Էրդողանը, ըստ թուրքական կողմի հաղորդագրության, հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում և աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Այսօր Անթալիայում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բայց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկկողմ հանդիպում չունեցան: Փաշինյանը «Ազատությանը» հայտնեց՝ նման հանդիպում Անթալիայում պլանավորված չէր:

Փաշինյանն ու Էրդողանը հանդիպմանն անդրադարձել են նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանն ուղղված քայլերին։ Այս մասին, սակայն, թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում:

Հայաստանի վարչապետը նաև ցավակցել է Թուրքիայի նախագահին Իզմիրի մետաղագործական գործարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, առնվազն 14-ը զոհվել։

Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ - թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:

Վերջին շրջանում հայ պաշտոնյաները լավատեսական հայտարարություններ են հնչեցնում երեք տասնամյակից ավելի փակ սահմանի բացման հեռանկարի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար Համոզված եմ՝ առաջիկայում Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան