Մատչելիության հղումներ

Թուրքիայում գործարանում պայթյունից 6 մարդ է զոհվել, առնվազն 14-ը՝ տուժել

Թուրքիայի Իզմիր նահանգի մետաղագործական գործարաններից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել, վեց մարդ զոհվել է, առնվազն 14-ը՝ վիրավորվել, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրին մոտ, Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ Demir Çelik գործարանում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական վարկածի՝ հեղուկ պողպատի ձուլման ժամանակ կամրջային կռունկը պոկվել և ընկել է վառարանի մեջ՝ առաջացնելով պայթյուն։

Ականատեսները պատմել են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ սկզբում կարծել են՝ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գործարանի աշխատակիցներից մեկն էլ այն համեմատել է ռումբի պայթյունի հետ։

Սկզբում հաղորդվում էր երեք զոհի մասին, սակայն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը, ևս երկու մարդու մարմին փրկարարները հայտնաբերել են փլատակների տակ։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

​
XS
SM
MD
LG