Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը նախագահ Էմանյուել Մակրոնի հրամանագրով, հայտնում է ՊՆ-ն:

Շքանշանը ռազմական գերատեսչության ղեկավարին հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ «բարձր գնահատելով Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»։

Սուրեն Պապիկյանը երեկ է պաշտոնական այցով ժամանել Ֆրանսիա:

Վարչապետ Լըկորնյուի հետ փարիզյան հանդիպմանն ընդգծել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր, կարևորել ռազմավարական գործընկերության ամրապնդումը:

Պապիկյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Վերջինիս հետ պայմանավորվել են խորացնել և ընդլայնել համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանն ու Ֆրանսիան 2023-ի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։

Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։