Պապիկյանն ու Չեխիայի փոխվարչապետը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Հավլիչեկը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը Չեխիայից ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել: Թեև պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել գործարքի մասին, սակայն Պապիկյանը տեսանյութ է տեղադրել չեխական Aero Vodochody ռազմարդյունաբերական ընկերություն կատարած այցից, որտեղ երևում են այդ ընկերության արտադրած L-39NG Skyfox ռազմաուսումնական ինքնաթիռները:

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա հոկտեմբերի 20-ին: Այցի օրակարգի և նախատեսված հանդիպումների մասին ՊՆ-ն մանրամասներ չէր հայտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել