Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Հայտարարությունը հնչել է ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ֆոնին, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ըստ նույն աղբյուրի՝ բանակցություններին հնարավոր է միանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսության շարունակական ջանքերին՝ հանուն տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության», - գրել է Շարիֆը X-ում, նաև տեղեկացրել, որ այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Պակիստանի արտգործնախարարն էլ իր հերթին է հեռախոսազրույց ունեցել իրանցի գործընկերոջ հետ։
Օմանում Պակիստանի նախկին դեսպան Իմրան Ալի Չաուդրին երեկ ուշ երեկոյան 92 News-ին ասել է, որ Պակիստանի բանակի հրամանատարը վերջերս բանակցություններ է վարել ԱՄՆ բանագնացների հետ։
«Մոտ երկուսուկես շաբաթ առաջ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը մեկնել է Օման և չորսժամյա հանդիպում է ունեցել Ուիթքոֆի և Քուշների հետ», - ասել է Չաուդրին։
Պակիստանը Իրանի վաղեմի դաշնակիցն է, Իսլամաբադը դատապարտել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, նաև շնորհավորել նրա որդի և իրավահաջորդ Մոջթաբային։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ, իր հերթին, ասել է, թե «որոշ բարեկամ երկրներից հաղորդումներ են ստացվել, որոնք վկայում են պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններ վարելու՝ ԱՄՆ խնդրանքի մասին»: