Պակիստանը ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների մի շարք է փոխանցել Իրանին: Այս լուրն այսօր հաստատել են պակիստանյան աղբյուրները, այն բանից հետո, երբ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, թե Վաշինգտոնը ներկայացրել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։
Պակիստանցի երկու պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, DPA գործակալությանը հայտնել են, որ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի մեծ մասը կենտրոնացած է միջուկային հարցերի վրա, սակայն այն նաև ներառում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու խոստում։
Հստակ չէ, սակայն, երբ է նախագիծն ուղարկվել Իրանին և ով է այն ստացել։ Պաշտոնյաները նշել են միայն, որ դա տեղի է ունեցել այս շաբաթ:
Ըստ անանուն պաշտոնյայի՝ ԱՄՆ առաջարկը նախատեսում է նաև Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողություն՝ ԱՄՆ-ի, Իրանի, Պակիստանի և Պարսից ծոցի որոշ երկրներից կազմված ծովային աշխատանքային խմբի միջոցով։
Պակիստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Իրանը մինչև այժմ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթվա սկզբին արված պնդումները, թե երկու կողմերը «կառուցողական բանակցություններ» են վարել պատերազմի ավարտի շուրջ:
Պակիստանցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Ղալիբաֆը կարող են գլխավորել համապատասխան պատվիրակությունները բանակցությունների ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-Իրան բանակցություններ կարող են լինել Պակիստանում. Axios