Ովքեր են հավակնում ԱԺ փոխխոսնակի պաշտոններին

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար պայքարն այսօր երեկոյան կհանգուցալուծվի: «Ազատության» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում է հինգ ՔՊ-ական՝ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Վահագն Ալեքսանյանը

Փոխխոսնակի պաշտոնին հավակնող ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կուսակցության վարչության վերջին ընտրություններում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներ ստացած երրորդ գործիչն էր: Խորհրդարանում նա աչքի է ընկել ոչ միայն ընդդիմախոսներին ուղղված սուր ելույթներով, այլև աղմկոտ միջադեպերով: 8-րդ գումարման խորհրդարանում Ալեքսանյանը նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծեծ, քաշքշուկ, սեռական բնույթի հայհոյանքներ, միմյանց վրա թռչող ջրի շշեր` խորհրդարանում

Ալխաս Ղազարյանը

ԱԺ նախագահի տեղակալի մյուս հավակնորդ Ալխաս Ղազարյանը վարչության ընտրություններում կին թեկնածուներից ամենաշատ քվե ստացած ՔՊ-ականն էր: Նրա կուսակցական վերելքը բավականին արագ տեղի ունեցավ: ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամից Ղազարյանը նախ բարձր քվեներով տեղափոխվեց կուսակցության ղեկավար կազմ, այժմ արդեն հավակնում է խորհրդարանի փոխխոսնակի աթոռին:


Արուսյակ Ջուլհակյանը

Ղազարյանի մրցակիցը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է: Ի տարբերություն նրա՝ Ջուլհակյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2018-ից: Տևական ժամանակ զբաղեցնում էր նույն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, իսկ վերջին ամիսներին ընտրվեց նախագահ:

Ջուլհակյանի գործունեության աղմկահարույց դրվագն արձանագրվեց վերջերս, երբ ձերբակալվել էր իշխանության ընդդիմախոս կանանցից մեկը և նրա՝ կրծքով կերակրելու հարցին անդրադառնալիս Ջուլհակյանն ասել էր. «Երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ և մասնավորապես՝ քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ապա դրան պետք է հաջորդի հետևանք՝ անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից»:

Արման Եղոյանը

Աղմկոտ պատմություններով այս խորհրդարանում առանձնապես աչքի չի ընկել իշխող ուժի հնաբնակներից Արման Եղոյանը: ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար պայքարող Եղոյանի պատգամավորական գործունեության վերջին 5 տարին առավելապես առնչվել է իշխանության արտաքին քաղաքական օրակարգին: Բայց, եթե այս խորհրդարանից Եղոյանին առնչվող աղմկոտ դրվագներ առանձնապես չկան, նույնը չէր նախորդ խորհրդարանում, երբ նա կրկին պատգամավոր էր և ամբիոնից դժգոհում էր, թե ինչու են Հայաստանում անդրադառնում Ադրբեջանից հնչած հայտարարություններին:

«Դարձել են էստեղ բոլորը...մեր լրատվականները...էլ ադրբեջանական մամուլ բացելու կարիք չկա: Մի բան ա ասում, էլ ո՛չ խոսնակի կարիք ունի էդ մարդը, ո՛չ պրոպագանդիստական մեքենայի, մեր բոլոր լրատվականները տարածում են՝ Ալիևը ասել ա սենց...մեղայ Աստծո, հայոց հարցը սարքիք, սենց ա ասել, նենց ա ասել Ալիևը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Արման Եղոյանը:

Հայկ Կոնջորյանը

ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշել է թիմակիցների վստահությունը ստուգել արդեն փոխխոսնակի աթոռի համար: Կոնջորյանը, որ ընդդիմախոսներին ուղղած ամենակոշտ ելույթներով է աչքի ընկել՝ նրանց պարբերաբար մեղադրելով թալանի համար, ինքն է մամուլում հայտնվել իր անվան հետ կապվող կոռուպցիոն պատմություններով: Հետք պարբերականն էր գրել, թե Կոնջորյանը շուկայականից էժան գնով բնակարան է ձեռք բերել, ՔՊ-ականը սա հերքել էր: Ավելի ուշ մեկ այլ հետաքննությամբ Հետքը պարզել էր՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ներգրավվածությունը այդ գործընթացներին: Այս մի հրապարակմանը Կոնջորյանն այդպես էլ չէր արձագանքել:

Թե այս թեկնածուներից ովքեր կստանան թիմակիցների քվեները, պարզ կդառնա նիստից հետո: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը