Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները, հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- հայտարարում է Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը միևնույն ժամանակ ընդգծեց, թե մանդատների վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում «այս համամասնության լեգիտիմության ճանաչում»:
«Մենք չենք ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կազմով ներկայացվածությունը Ազգային ժողովում»,- հայտարարում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:
«Ազատության» տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ևս պատրաստվում է վերցնել մանդատները: «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը նախօրեին «Ազատությանն» ասաց՝ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանեն այսօր:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով: