«Ուժեղ Հայաստանը» չի բացառում հետընտրական համագործակցությունը մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ, թեև քննարկումներ դեռ չեն եղել։
Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ հենց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու մոտ, «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը բարեկամական խոսք ուղղեց Ծառուկյանին:
«Տեսեք՝ ինչ գեղեցիկ եկեղեցի է էստեղ կառուցել: Մենք շատ հարգում ենք ու սիրում ենք մեր ընկերոջը։ Կարծում ենք, որ ապագա Հայաստանի հետ կապված մենք տեսնում ենք, որ բոլոր հայերը պետք է ունենան ընդհանուր տեսլական, որ հասնենք էն արդյունքին, որը մենք ուզում ենք, իսկ դա աղքատության վերացումն է ու անվտանգությունը։ Դեռ քննարկում չի եղել այս հարցով, քանի որ մեր ժողովուրդն է որոշում»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«50+ ոչ ոք չի հավաքի, պետք է համախմբվենք». Գագիկ ԾառուկյանԹեև Ծառուկյանը նախընտրական շրջանում հստակ չի խոսում Սամվել Կարապետյանի ուժի հետ միանալու մասին, նա օրերս ասել էր, թե ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու համախմբվել, քանի որ ուժերից ոչ մեկը միայնակ 51 տոկոս ձայն չի հավաքելու։
«Էսօր ոչ մեկը չի կարող 50+1 հավաքի: Անպայման պետք է համախմբվել, և էս ծրագրերը կյանքի կոչենք»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի վաղ Ծառուկյանը բացառել է միավորումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԲՀԿ առաջնորդը, որ պարբերաբար Փաշինյանի քննադատության թիրախում է, օրերս ասել էր, թե պատրաստ է անգամ ունեցվածքը կորցնել, բայց չի գնա իշխանության հետ գործարքների։
«Ուժեղ Հայաստանում» էլ պնդում են՝ իրենց օրակարգում առաջնահերթ մեկ հարց է, որի շուրջ էլ համախբում են ակնկալում։
Նարեկ Կարապետյանի խոսքով.- «Մեզ համար առաջնային հարցն, իհարկե, Փաշինայի կառավարության հեռացումն է, որովհետև ամեն օր, ամեն նոր օր ավելի մեծ վտանգներ է բերում Հայաստանի համար, ապացույցը՝ վերջին մի ամսվա դեպքերն են՝ հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը և այլ խնդիրներ»:
Մամուլում և իշխանամետ շրջանակներում ակտիվ քննարկվում է Ռուսաստանից ընտրողներին հատուկ կազմակերպված եղանակով Հայաստան բերելու թեման։ Անգամ թվեր նշվեցին, որոնք հասնում էին մինչև 100.000-ի։
Օրերս Reuters-ն էր մի հրապարկում արել, համաձայն որի, Ռուսաստանի իշխանությունները ծրագրել են տասնյակ հազարներով ռուսաստանաբնակ հայերի տեղափոխել Հայաստան՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկելու նպատակով։ Ըստ նույն հրապարկման՝ Մոսկվան նախապատվությունը տալիս է միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին: Reuters-ը միևնույն ժամանակ նույն այդ ծավալուն հոդվածում գրել էր, որ չունի սեփական, ինքնուրույն հաստատված ապացույցներ, որ այս ծրագիրը ընթացքի մեջ է կամ էլ այդ 100 հազարը կկրճատի առաջատար ուժերի միջև տոկոսային տարբերությունը:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն էլ հերքել են միջամտության վերաբերյալ հայտարարությունները։ Մինչդեռ, քարոզչությունից առաջ՝ դեռ մարտին Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես զգուշացրել էր ընտրական գործընթացներին արտաքին միջամտության ռիսկերի մասին։
Սամվել Կարապետյանի եղբորորդին էլ այսօր իր պարզաբանումը տվեց. «Ամեն քաղաք գնալիս ինձ մոտնեում են՝ Ֆրանսիայից, Վրաստանից, այլ երկրներից եկած հայեր, որոնք հատուկ ընտրության համար եկել են: Ինձ անծանոթ մարդիկ են, մոտենում, ասում են՝ հատուկ ընտրության համար եկել ենք, որ մեր երկրում փոփոխություն լինի»,- ասում է Կարապետյանը:
Ավելի շատ երեխաների հետ եղավ այսօր Նարեկ Կարապետյանի շփումը Նոր Հաճնում: Օրվա խորհրդով պայմանավորված էլ նա իր ելույթը հենց երեխաների ապահով ապագայի շուրջ էր կառուցել։