Նախնական արդյունքներով ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրից» հետո ամենաշատ ձայները ստացած «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է վաղը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելու «չեղարկել ընտրության արդյունքները և վերանայել իշխող ուժի ձայները»:
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնել է՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առարկայական պատասխան չստանան, կդիմեն նաև Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը:
Նարեկ Կարապետյանը պնդել է, թե ընտրություններում կեղծիքներ են եղել, պետական աշխատողներին, զինվորներին ուղղորդել են քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին:
Տեղական և միջազգային դիտորդներն ընտրություններից հետո իրենց նախնական զեկույցներում նշել են, որ գրանցված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա:
Արձագանքելով «Ուժեղ Հայաստանին»՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ընտրության արդյունքները վիճարկելով՝ ընդդիմությունը ցանկանում է արդարացնել մանդատներ վերցնելը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի խոսույթը նույնական է ռուսական հեռուստալիքների խոսույթին:
«Իսկ կարո՞ղ է դիմեք, բաժանված փողերն էլ հետ պահանջեք», - հեգնել է Սիմոնյանը՝ հավելելով. - «Բարի գալուստ Ազգային ժողով, ես տենց էլ գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք»:
Նարեկ Կարապետյանն այսօր նաև պնդել է, թե վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայները «շեշտելի նվազել են», մինչդեռ իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դեռ երեկ էր տեղեկացրել, որ վերահաշվարկի ու ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49.8 տոկոսից դարձել են 49.9 տոկոս: «Տենդենցը հստակ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները և տոկոսները», - պնդել էր Ալեքսանյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկն ավարտելու է վաղը, իսկ ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը: