«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ. պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել 2-րդ փուլ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հինգ ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ Բացի «Ուժեղ Հայաստան»-ից, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի՝ «Միասնության թևեր»-ը։

Իշխանությունից բազմիցս հայտարարում են՝ ընդդիմության կողմից ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասին: Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց. «Այս պրոցեսներն ավարտվելուց հետո, այնուամենայնիվ, բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով: Այլ է հարցը, թե մինչև ընտրություններն ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաև ընտրակաշառքների, մարդկանց բերելու, ուղղորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանական կողմը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում է Ընդդիմադիր 5 ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն ՍԴ-ում«Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար». Քոչարյան«Անելու ենք ամեն ինչ, որ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք». Սամվել Կարապետյան«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ». Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը