Ուշակով․ «Փաշինյանի այցի շուրջ հստակություն չկա»

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շուրջ որևէ հստակություն դեռ չկա», - ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը։

Հայաստանի վարչապետը ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահի հետ, որի համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինքը մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը քննարկելու նպատակով։

Լրագրողների հետ զրույցում Ուշակովը այսօր նաև ընդգծել է, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նպատակը «Ռուսաստանի մասնակցությամբ գործող ինտեգրացիոն միավորումներին հարվածելն է»։

«Պատրանքներ են ձևավորվում, որոնց համաձայն՝ կողք կողքի ապրող և միմյանց մշտապես օգնող ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է փոխել։ Նայելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններին՝ հասկանալի է, թե ինչ ողբերգության դա կարող է հանգեցնել», - նշել է Ուշակովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջինի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ . Փաշինյան