Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է ՌԴ-ի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դիմում է ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի պետականության օրվա առթիվ: Կիև, 2026թ. հուլիսի 15

Եվրամիությունն իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ռուսական ևս 32 բանկ, ինչպես նաև՝ կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։

«Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որպեսզի Ռուսաստանի ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։

Մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ռուսական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ Եվրամիություն մուտքի պաշտոնական արգելքը», X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ողջունելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։

Ֆոն դել Լայենի խոսքով՝ հիմա, երբ Ուկրաինան ռազմական առաջընթաց է գրանցել, Բրյուսելի պատժամիջոցները շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի տնտեսական հիմքերը:

Reuters-ը հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ նոր փաթեթը ներառում է բացառություն, որը թույլ է տալիս ռուսական հեղուկ բնական գազի մեկ տարով երրորդ երկրներ փոխադրումը՝ ավտոմատ երկարաձգմամբ։

«Եվրամիության անդամ պետությունները համերաշխություն ցուցաբերեցին Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ ապագայում Հունաստանն էլ նույն կերպ կվարվի մյուս երկրների նկատմամբ»,- հայտարարել է ԵՄ դիվանագետներից մեկը։

Հուլիսի կեսերին Հունաստանը դեմ էր ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունմանը՝ ռուսական հեղուկ բնական գազի երրորդ երկրներ փոխադրման արգելքի պատճառով։ Financial Times-ի տվյալներով՝ Աթենքը փորձում է պաշտպանել հույն միլիարդատեր Գեորգիոս Պրոկոպիուին պատկանող «Dynagas» նավատորմային ընկերության շահերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ «Աշխատում ենք ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա»