ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 3-ին Սենատում անցկացված լսումներում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա հասնել իր նպատակներին Ուկրաինայում, և ռուսական կողմին «հնարավոր է՝ երբեք էլ չհաջողվի ռազմական ճանապարհով հասնել այն նպատակներին, որոնք ներկայումս առաջ են քաշում բանակցությունների ընթացքում»։
«Ուկրաինացիները ոչ միայն խիզախորեն են կռվում, այլև արդյունավետ պատերազմում են»,- սենատորների առջև ելույթում ասել է Ռուբիոն։
Չորեքշաբթի օրը Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարը նաև նախազգուշացրել է Ուկրաինայում պատերազմի սրման «իրական» վտանգի մասին՝ ընդգծելով, որ ուկրաինական բանակը ցույց է տալիս Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու իր կարողությունը։
Ռուբիոն նաև հայտարարել է, որ «շատ շուտով» տեղեկություններ կհրապարակվեն այն 400 միլիոն դոլարի մասին, որը Կոնգրեսը հաստատել է որպես Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնություն, սակայն որի փոխանցումը դեռևս ձգձգվում է Պենտագոնի մակարդակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԹՍ-ների հարձակում Սանկտ Պետերբուրգի վրա՝ Պուտինի մասնակցությամբ համաժողովից առաջՌուբիոյի հայտարարությունները հնչել են նույն օրը, երբ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սանկտ Պետերբուրգի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ այնտեղ անցկացվող ամենամյա տնտեսական համաժողովի բացման օրը։ Կիևը հարձակումը ներկայացրել էր որպես պատասխան երեքշաբթի Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարվածների շարքին, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ։
«Սա այն պահերից մեկն է, որը հիշեցնում է, թե ինչու է կարևոր փորձել վերջ դնել այս պատերազմին, եթե դա հնարավոր է, քանի որ էսկալացիայի վտանգը իրական է և շատ ավելի բարձր, քան երկու տարի առաջ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։