Նախագահ Պուտինի մասնակցությամբ համաժողովից առաջ՝ այս գիշեր Սանկտ Պետերբուրգը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Պայթյունները լսելի են եղել նաև քաղաքի կենտրոնական հատվածներում։
Հրդեհ է բռնկվել Պետերբուրգի նավթային տերմինալում։ Այս մասին հաղորդել են Telegram-ի մի շարք ալիքներ, ինչպես նաև ուկրաինական մոնիթորինգային հարթակները։
Հրապարակվել են պայթյունների և հրդեհի տեսագրություններ։
Իշխանությունները հայտնել են, որ կան տուժածներ, սակայն զոհեր չկան։
Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է միջազգային տնտեսական համաժողով, որին, ինչպես ակնկալվում է, կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լրագրող Քսենիա Սոբչակը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ, նրա խոսքով, համաժողովի հյուրերի մի խումբ քայլում է փողոցով՝ հրդեհի ծխի ֆոնին։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ հունիսի 3-ի գիշերը մարզի երկնքում խոցվել է 50 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հաստատել է, որ հարվածներն իրականացրել են ուկրաինական զինված ուժերը։ «Այս գիշեր խոցվել են Ռուսաստանի տարածքում գտնվող կարևոր օբյեկտներ»,– գրել է նա՝ նշելով Պետերբուրգյան նավթային տերմինալը և Տամբովի մարզում գտնվող մի ձեռնարկություն։ Նրա խոսքով՝ «խոցվել են նաև բացառապես ռազմական նշանակության թիրախներ Կրոնշտադտի ռազմաբազայում»։
Պետերբուրգի նավթային տերմինալը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Ըստ ընկերության պաշտոնական կայքի՝ այն Բալթյան տարածաշրջանում հեղուկ բեռների փոխաբեռնման խոշորագույն տերմինալներից մեկն է։ Ձեռնարկությունն ապահովում է երկաթուղային, ավտոմոբիլային և գետային ճանապարհներով ստացվող բեռների ընդունումն ու դրանց բեռնափոխադրումը ծովային նավերի, բունկերավորման նավերի և ավտոցիստեռնների վրա։
Տերմինալի տարածքում գտնվում է նավթամթերքների պահպանման համար նախատեսված 21 պահեստ, իսկ ընդհանուր թողունակությունը կազմում է տարեկան 12,5 միլիոն տոննա։