Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի միանալ Եվրամիությանը 2027 թվականին, այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ դաշինքին «արագացված» ընթացակարգով անդամակցությունը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո անվտանգության երաշխիքների կարևոր բաղադրիչ է:
«Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք 2027 թվականին», - լրագրողներին ասել է Զելենսկին՝ հավելելով, որ մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինան կիրականացնի անդամակցության համար անհրաժեշտ հիմնական քայլերը։
«Ես կցանկանայի, որ Ուկրաինան ստանա հստակ ժամանակացույց», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ իր կառավարությունը հանձնառու է անհրաժեշտ բարեփոխումներին։
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը ներկայացվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, թեկնածուի կարգավիճակը շնորհվել է չորս ամիս անց՝ հունիսի 23-ին։
Ավելի վաղ Reuters-ը, Financial Times-ը и Politico-ն հաղորդել էին, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար պատրաստում է Եվրամիությանը պարզեցված ընթացակարգով անդամակցության պլան:
Խոսքը Եվրոպական միությանը նոր երկրների անդամակցության պահանջների վերանայման և անդամակցության երկաստիճան համակարգի ստեղծման մասին է: Ընդ որում, պարզեցված ընթացակարգի դեպքում Կիևը չի ունենա ԵՄ լիիրավ անդամների որոշ իրավունքներ, մասնավորապես՝ չի կարող ակնկալել ԵՄ բյուջեից համապարփակ ֆինանսավորում և սոսկ սահմանափակ մուտք կունենա եվրոպական շուկա, ինչպես նաև որոշ իրավիճակներում զուրկ կլինի ձայնի իրավունքից:
Կոնկրետ առաջարկները կներկայացվեն «փետրվարին կամ մարտին», մինչ այդ պլանը մանրակրկիտ կմշակվի, Politico-ին ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության առանցքային երաշխիք է: