Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համար

Ուկրաինա, Օդեսա, արխիվ

Ուկրաինան կիրակի օրը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից հացահատիկ տեղափոխող թուրքական բեռնատար նավի վրա հրթիռային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել: Սա տեղի է ունենում Մոսկվայի կողմից Կիևի վրա նոր հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշը կրող «Ոսկե Առյուծ» նավի ուղղությամբ:

Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ անձնակազմի մեջ եղել են Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ, իսկ վարչապետ Սերգեյ Կորեցկին ասել է, որ նավը խոցվել է Օդեսայի մոտակայքում՝ նավահանգստից դուրս գալուց հետո։

«Անձնակազմի ութ անդամ փրկվել է։ Նրանցից երկուսը վիրավորվել են։ Ցավոք, այս պահի դրությամբ հաստատվել է վեց նավաստիի մահը, իսկ չորսն անհետ կորած են», - Telegram-ում գրել է Կիևի վերակառուցման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

Սիբիհան X-ում հրապարակված հայտարարության մեջ հաստատել է, որ հարձակման ժամանակ զոհվել է ուկրաինացի ծովային օդաչու։

«Մինչ աշխարհը դեռևս արձագանքում է Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերը իրականացված դաժան հարձակմանը, Մոսկվան շարունակում է իր ահաբեկչական արշավը ամբողջ օրվա ընթացքում», - հավելել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը հայտնում է՝ ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներով

Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իրականացրել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումը:

«Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր կիրառեց բալիստիկ հրթիռների ամենամեծ քանակը՝ մոտ չորս տասնյակ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ իրականացված դաժան ահաբեկչական հարձակման ընթացքում, որի հետևանքով մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին», - X-ում գրել էր Անդրիյ Սիբիհան։