Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի ձեռնարկություններից մեկին. զոհ և վիրավորներ կան

Ուկրաինական Flamingo հրթիռի հարվածի պահը «Տիտան-Բարիկադներ» ձեռնարկության վրա, Վոլգոգրադում, Ռուսաստան

Անցած գիշեր ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի ձեռնարկություններից մեկին, որի հետևանքով վնասվել են արտադրական օբյեկտներ, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

Նրա խոսքով՝ վնասների վերացման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ձեռնարկության աշխատակիցներից մեկի մարմինը։ Եվս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոչարովը նաև նշել է, որ շարունակվում են ևս մեկ անհետ կորած անձի որոնողական աշխատանքները։

Նահանգապետի խոսքով՝ քաղաքը ենթարկվել է «բարձր արագությամբ օդային թիրախների» հարձակման։ Թե կոնկրետ որ ձեռնարկությունն է դարձել թիրախ, նա չի հստակեցրել, միայն նշել է, որ այն գտնվում է Կրասնոոկտյաբրսկի շրջանում։

Այդ շրջանում է տեղակայված «Տիտան-Բարիկադներ» գիտաարտադրական կենտրոնը, որը մասնագիտացած է հրետանային և հրթիռային տեխնիկայի արտադրության մեջ։

Կան տվյալներ, որ հրդեհը բռնկվել է հենց այդ գործարանի տարածքում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է «Տիտան-Բարիկադներ» ձեռնարկության վրա հարձակման փաստը։ Նրա խոսքով՝ հարվածել են մեծ հեռահարության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներով։

«Սա խոշոր արդյունաբերական համալիր է, որտեղ հակառակորդն արտադրում է հրետանային համակարգեր և հատուկ ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ հրթիռային արձակման կայանների տարրեր, որոնք օգտագործվում են մեր քաղաքացիների դեմ հարվածներ հասցնելու համար», նշել է Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 175 անօդաչու թռչող սարք, սակայն Վոլգոգրադը նախարարության հրապարակած ամփոփագրում չի հիշատակվել։

«Տիտան-Բարիկադներ» ձեռնարկությունը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում