Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի վրա։ Մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտարարել է մարզկենտրոնի նկատմամբ իրականացված «զանգվածային» հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տուժել է երկու մարդ, հակաօդային պաշտպանության ուժերը Յարոսլավլի մատույցներում խոցել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքները հայտնել են, որ թիրախավորվել է «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը, որը նախկինում ևս բազմիցս ենթարկվել է ուկրաինական բանակի հարվածներին։

Վերամշակվող ածխաջրածնային հումքի ծավալով այն Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանների առաջին հնգյակում է։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակումից հետո վնասվել են Լուգայի զորավարժարանում, ինչպես նաև Ուստ-Լուգա և Վիսոցկ նավահանգիստների շրջաններում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան կտրուկ ավելացրել է հարվածները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքներին․ FT

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ընդհանուր առմամբ 519 անօդաչու թռչող սարք՝ երկրի տարբեր մարզերում։ Թե քանի անօդաչու թռչող սարք չի հաջողվել խոցել, նախարարությունը չի հայտնել։