Ուիթքոֆը Պուտինին է ներկայացրել խաղաղության նոր առաջարկները. ի՞նչ են դրանք նախատեսում

Սթիվ Ուիթքոֆն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 21-ը հոկտեմբերի, 2026թ.

Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում մոտ երեք ժամ հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ: Սթիվ Ուիթքոֆը Նորվեգիայից էր ժամանել Ռուսաստան և Պուտինին է ներկայացրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր առաջարկները, որոնք Օսլոյում նրան փոխանցել էր Ուկրաինայի նախագահը:

Սա Պուտինի հետ Ուիթքոֆի արդեն 9-րդ հանդիպումն է, որը տեղի է ունեցել մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն երես է թեքում Ուկրաինայից՝ չտրամադրելով ռուսական հարձակումների մասին հետախուզական տվյալներ և դանդաղեցնելով ամերիկյան Starlink արբանյակային կապը, ինչը դժվարացնում է ռուսական թիրախներին հարվածելը:

«Կառուցողական» հանդիպում

Կոնստանտինյան պալատում կայացած հանդիպման բաց հատվածում Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ ուկրաինական խնդրի լուծմանը մեծ ուշադրություն դարձնելու համար: Ապա հետաքրքրվել է Օսլոյի հանդիպման արդյունքներով: Ուիթքոֆն ասել է, որ հանդիպում արդյունավետ էր, նաև նշել է, որ Պուտինին ներկայացված փաստաթղթերում ուրվագծում են խաղաղության գործընթացի մոտեցումները։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հանդիպում է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ, Սանկտ Պետերբուրգ, 21-ը հոկտեմբերի, 2026 թ.

«Կարծում եմ՝ դրանք կառուցողական հանդիպումներ էին: Ըստ իս՝ որոշակի տեղաշարժ կա: Եվ հուսով եմ՝ այս հանդիպումը կլինի ևս մեկ քայլ առաջ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների քննարկմանն հարցում»,- ասել է նա:

Վերականգնել եռակողմ հանդիպումները

Ուիթքոֆը նաև հույս է հայտնել, որ Պուտինի հետ կքննարկեն Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսելու հարցը: Դա, ըստ նրա, տեխնիկական թիմերին թույլ կտա քննարկել, թե որն է խաղաղության հասնելու հաջորդ քայլը:

«Կարծում եմ՝ դա կարևոր է։ Նույնիսկ եթե այսօր չհասնենք որևէ լուծման, կարող ենք պարզապես խոսել դրա մասին՝ հասկանալու, թե որը կարող է լինել այդ հաջորդ քայլը: Կարծում եմ՝ դա կարևոր է, և աշխարհը սպասում է դրան»,- ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, 21-ը հոկտեմբերի, 2026թ., Սանկտ Պետերբուրգ

Ամերիկացի պաշտոնյան Պուտինին նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սթիվեն Հաբբարդին ազատ արձակելու համար, որը 2022-ին գերի էր ընկել, ապա 2024-ին մոտ 7 տարվա ազատազրկման դատապարտվել՝ Ուկրաինայի կողմից պատերազմին որպես վարձկան մասնակցելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի կողմից կռված 74-ամյա ամերիկացուն

ՌԴ-ն պատրաստ է քննարկել տնտեսական նախագծեր

Իր հերթին Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության մասին, ասել, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել տնտեսական նախագծեր և կարող է մեծ ծավալի պարարտանյութ մատակարարել ԱՄՆ շուկա։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային վառելիքի գործարքի շնորհիվ համաշխարհային գները նվազել են 5-6%-ով, ապա հավելել, որ առաջին լցանավը կմեկնի շուտով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը կսկսի ԱՄՆ-ին դիզելային վառելիք մատակարարել առաջիկա օրերին. Պուտին


«Առաջին լցանավը, որը տեղափոխում է 40 000 տոննա, կմեկնի 2-3 օրից, իսկ մյուսները՝ մեկը մյուսի հետևից։ Միակ բանը, որ պետք է ապահովենք, ֆինանսական պայմանավորվածությունների առկայությունն է, որպեսզի ամեն ինչ սահուն ընթանա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը, 21-ը հոկտեմբերի, 2026թ., Սանկտ Պետերբուրգ

Պուտինը նշել է, որ Ուիթքոֆի հետ կքննարկի Թրամփի հետ Չինաստանում հնարավոր հանդիպման հարցը։ Կրեմլի ղեկավարը նաև ասել է, որ պատրաստ են աջակցել Իրանի հետ խնդրի կարգավորման հարցում:

«Գիտեք, որ մենք Իրանի հետ ունենք առանձնահատուկ, վստահելի հարաբերություններ, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում։ Եվ եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել այս ճգնաժամը լուծելու համար, ուրախ կլինենք դա անել»,- ասել է Պուտինը:

Ի՞նչ նոր բան է առաջարկվում Մոսկվային

Իսկ ի՞նչ նոր առաջարկներ է Ուիթքոֆը ներկայացրել: Օսլոյի հանդիպումից հետո Նորվեգիայի վարչապետը ուրվագծել էր քննարկված թեմաների շրջանակը՝ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներ, պատերազմից հետո երկրի վերականգնման ծրագիր, տարածքների և պատժամիջոցների հարցեր և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետություն:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը (ձախից) և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 21-ը հոկտեմբերի, 2026թ., Սանկտ Պետերբուրգ

Զելենսկին կողմ է եռակողմ հանդիպումներին

Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ կողմ եռակողմ ձևաչափով հանդիպումներին: «Խնդրում եմ միայն մեկ բան՝ առանց մեզ մեզ վերաբերող հարցեր մի՛ քննարկեք», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին հայտարարում է, որ կողմ է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններին

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր խոսել Ուկրաինայի մասին: Թրամփն ասել էր, թե ժամանակն է, որ Զելենսկին գործարք կնքի:

«Եվ եթե նա չցանկանա, կարծում եմ՝ շատ վատ բան կլինի … Մենք ուզում ենք, որ Զելենսկին համաձայնագիր կնքի։ Նա կարող է դա անել։ Նա կարող էր համաձայնագիր կնքել դեռ երկու տարի առաջ, երբ մեր փոքրիկ զրույցն ունեցանք Օվալաձև աշխատասենյակում»,- ասել էր Թրամփը։

Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ Ռուսաստանը հիմա առավելություն ունի պատերազմում և շարունակում է կայուն առաջ շարժվել և մեծ տարածքներ գրավել, հետևաբար գործարքը, ըստ նրա, թույլ կտա կանխել հետագա արյունահեղությունը: