Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի կողմից կռված 74-ամյա ամերիկացուն

ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբբարդը՝ Մոսկվայի դատարանում, 7-ը հոկտեմբերի,  2024 թ.
ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբբարդը՝ Մոսկվայի դատարանում, 7-ը հոկտեմբերի, 2024 թ.

Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի 74-ամյա Սթիվեն Հաբբարդին, որը դատապարտվել էր Ուկրաինայի կողմից պատերազմին որպես վարձկան մասնակցելու համար, այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպման սկզբում։

Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանում պահվող մեկ ԱՄՆ քաղաքացու անխուսափելի ազատ արձակման մասին, բայց չէր նշել նրա անունը։ Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը երկար ժամանակ ձգտում էր հասնել նրա վերադարձին։

«Տեսնենք՝ ինչ կլինի։ Դա շատ շուտով տեղի կունենա»,- ասել էր նա։ Երեկ էլ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր բանագնացի միջոցով Վլադիմիր Պուտինին խնդրել է ազատ արձակել Սթիվեն Հաբբարդին, որը մի քանի տարի առաջ ռուսական ուժերի կողմից գերի էր վերցվել Ուկրաինայում:

2024 թվականին Մոսկվայի դատարանը Սթիվեն Հաբբարդին դատապարտել է վեց տարի և տասը ամիս ազատազրկման՝ վարձկանության մեղադրանքով: Այդ պահին ամերիկացի արդեն 72 տարեկան էր: Հետաքննիչների տվյալներով՝ Հաբբարդը բնակվում էր Ուկրաինայում 2014 թվականից և միացել էր տարածքային պաշտպանության ուժերին ռուսական ներխուժումից հետո:

Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2022 թվականի փետրվարին Հաբբարդը պայմանագիր է կնքել Խարկովի մարզի Իզյումի տարածքային պաշտպանության գումարտակի հետ։ Նրան տրամադրվել է զենք, զինամթերք և համազգեստ, իսկ նրա ամսական աշխատավարձը կազմել է առնվազն 1000 դոլար։ Նույն թվականի ապրիլին նա ձերբակալվել է ռուսական զինվորականների կողմից։ Միչիգանի բնակիչը Խարկովի մարզ է տեղափոխվել 2014 թվականին՝ իր կնոջ հետ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG